Արցախում ավարտվել է Shtigen Group-ի տրամադրած 12 արեւային ջրատաքացուցիչների տեղադրումը։ Shtigen Group-ից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է «Արեւածագ Արցախում» նախագծի շրջանակում, այն նախաձեռնել է նորագույն էներգետիկայի ոլորտում մասնագիտացած Shtigen Group ընկերությունների խումբը։ «Արեւածագ Արցախում» նախագծի նպատակն է, արեւային էներգիան օգտագործելով, Արցախում հաստատել էներգետիկ անկախություն։«Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախում յուրաքանչյուր տուն ունենա իր արեւային կայանն ու ջրատաքացուցիչը։ Այդպես մենք կապահովենք Արցախի էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը, այսինքն՝ թշնամու ոտնձգությունների պատճառով տեղի ունեցող գազամատակարարման խափանումների դեպքում Արցախի բնակչությունը ոչ միայն կշարունակի տաք ջուր ու էլեկտրաէներգիա ունենալ, այլեւ չի ծանրաբեռնի էլեկտրացանցը, եւ չեն լինի հոսանքազրկումներ»,- ասել է Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը։ Shtigen Group-ն արեւային ջրատաքացուցիչները տրամադրել եւ տեղադրել է անվճար: Շահառուների ցուցակը կազմվել է՝ այս փուլում առաջնահերթություն տալով արցախյան պատերազմներում զոհված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց ու բազմազավակ ընտանիքներին։ Նրանք առաջիկա 20 տարում անվճար տաք ջուր կունենան։ Tweet Դիտում՝ 2678