Reuters․ «Մեծ յոթնյակ»-ի երկրները կարգելեն ոսկու ներմուծումը Ռուսաստանից

26.06.2022 | 11:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#G7 #Ռուսաստան #ոսկի
«Մեծ յոթնյակ»-ի (G7) երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները համաձայնեցրել են Ռուսաստանից նոր ոսկու ներմուծման արգելքը։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Գործակալության տվյալներով՝ հունիսի 28-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը որոշում կկայացնի, որով կարգելվի նոր ոսկու ներմուծումը Միացյալ Նահանգներ։ Նման հայտարարություններով պետք է հանդես գան նաեւ G7-ի մյուս երկրների ֆինանսների նախարարությունները, գրում է գործակալությունը։

Հունիսի 21-ին Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները հայտնել էր, որ Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթում կարող է ներառել ոսկու նկատմամբ սահմանափակումները։ Զրուցակիցներից մեկը գործակալությանն ասել էր, որ Եվրահանձնաժողովն աշխատում է պատժամիջոցների հնարավոր նոր փաթեթում ոսկու ներառման ուղղությամբ, մինչդեռ հայտնի չէ՝ այդ միջոցը ենթադրում է արգելել մետաղի արտահանումը Ռուսաստան, թե դրա ներմուծումը ՌԴ-ից։  

ԵՄ-ում Դանիայի դեսպանի ներկայացուցիչն ասել էր, որ անցած շաբաթ դեսպանների փակ հանդիպման ժամանակ դանիացի դիվանագետն առաջարկել է պատժամիջոցների նոր փաթեթում այլ ոլորտների հետ մեկտեղ ներառել ոսկին։

«Ռուսաստանն աշխարհի խոշորագույն ոսկի արտահանողներից մեկն է։ ՌԴ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2021 թվականին ոսկի արդյունահանող ռուսաստանյան  ընկերություններն արտադրել են 346,4 տոննա մետաղ։ Այս ծավալի մոտավորապես 87%-ը կամ 302,2 տոննան արտահանվել է, ինչը, ըստ Դաշնային մաքսային ծառայություն վիճակագրության, ապահովել է $17,4 միլիարդի եկամուտ»,- գրում է RBC-ն։

***

Reuters-ը նաեւ հայտնել է, որ «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները «շատ կառուցողական» բանակցություններ են վարում ռուսաստանյան նավթի գնի առաստաղի սահմանման շուրջ՝ երկրի նավթային եկամուտները նվազեցնելու համար:
««Յոթնյակ»-ի շրջանակում ակտիվ եւ կառուցողական քննարկում է ընթանում այն մասին, թե ինչպես կարող է աշխատել նման առավելագույն արժեքի ներդրումը»,- ասել է աղբյուրը Գերմանիայի կառավարությունում:

Նրա խոսքով՝ բանակցություններն ընթանում են «ճիշտ ուղղությամբ», եւ G7-ը մոտ է հարցի լուծմանը։
Դիտում՝ 5820
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW