Բաց նամակ. Արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել

24.06.2022 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտահանում #դրամի արժեւորում
«Մանթաշյանց» գործարարների միությունը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն եւ «Էքսպորտ Արմենիա» փորձագետների ասոցիացիա ՀԿ-ն բաց նամակ են ուղղել Կենտրոնական Բանկին, Էկոնոմիկայի նախարարությանն ու Ֆինանսների նախարարությանը։

«Դրամի արժեւորումը, ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածում, հսկայական բացասական ազդեցություն է թողնում Հայաստանի տնտեսության վրա։

Դրամի արժեւորումը հատկապես բացասաբար է անդրադառնում արտահանող եւ արտահանման հետ կապ ունեցող ոլորտների ընկերությունների վրա՝ բարդացնելով նրանց վաճառքները, երբեմն նաեւ դրսի շուկաների համար դարձնելով անմրցունակ։

Տուժում են տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները, որոնք արդեն այս պահին ստիպված են իրենց ծառայությունների գները բարձրացնել մոտ 20 տոկոսով, ինչը անխուսափելիորեն կթուլացնի մրցակցային դիրքերը արտերկրի շուկաներում եւ կհանգեցնի հաճախորդների կորստի։ Տուժում են գինի, կոնյակ, հյութեր ու գյուղատնտեսական այլ ապրանքներ արտահանող հայկական այն ընկերությունները, որոնք շուկայի դիվերսիֆիկացիայից ելնելով՝ ռուսական շուկաներից բացի վաճառքներ են իրականացնում ԱՄՆ-ի, եվրոպական եւ ասիական շուկաներում։

Շատ ընկերություններ գնորդներին չկորցնելու համար իրենց ապրանքները՝ կարճաժամկետ հատվածում, վաճառում են ինքնարժեքով կամ նույնիսկ ինքնարժեքից ցածր, ինչը հասկանալի պատճառներով երկար չի կարող շարունակվել։ Որոշ ընկերություններ առժամանակ դադարեցրել են արտահանումները՝ արտարժույթի շուկայում դրամի տարեսկզբի փոխարժեքին վերադառնալու ակնկալիքով։ Գյուղմթերք արտահանող բազմաթիվ ընկերություններ այժմ երկու ճանապարհ ունեն. կամ պետք է բարձրացնեն իրենց ապրանքների գները եւ երկարաժամկետ հատվածում դուրս մնան մրցակցությունից, կամ էլ պետք է փորձեն գյուղացիներից կամ փոքր ֆերմերային տնտեսություններից ավելի մատչելի մթերել գյուղմթերքը, ինչը կարող է հանգեցնել դժգոհության կամ անիրատեսական լինել։

Դրամի նման տեմպերով արժեւորումը բացասական է ազդում նաեւ զբոսաշրջության, կառուցապատման ոլորտի ընկերությունների վրա, ինչպես նաեւ թանկացնում է ապրանքների լոգիստիկան՝ ազդելով Հայաստանից իրականացվող միջազգային բեռնափոխադրումների գների վրա։

Կառուցապատման ոլորտում ինքնարժեքը հաշվարկվում է դոլար-դրամ կուրսի համեմատականի հիման վրա, ինչի պատճառով հիմա արդեն շատ ընկերություններ դադարեցրել են անշարժ գույքի վաճառքները, քանի որ դոլարի արժեզրկման հետեւանքով այլեւս փոխվել է կառուցապատման ինքնարժեքը, հատկապես շինարարական նյութերի մեծ թանկացումների ենթատեքստում։

Բացասական ազդեցությունից չի խուսափում նաեւ Հայաստանի ներդրումային ոլորտը, քանի որ նույն արդյունքին հասնելու համար արդեն պետք է 20 տոկոսով ավելի շատ արտարժույթային ներդրումներ անել, ինչը երկարաժամկետ մեծ տնտեսական վնասներ է առաջացնելու։

Վստահ ենք, որ տարեսկզբին ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներից եւ ոչ մեկն իր տարեկան բյուջեում չի նախատեսել դրամի նման արժեւորում, եւ շատերը չունեն բավարար պահուստներ առաջացած վնասները փոխհատուցելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կենտրոնական Բանկին, Էկոնոմիկայի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը կոչ ենք անում շտապ քայլեր ձեռնարկել դրամի հետագա արժեւորումը դադարեցնելու եւ դրամը տարեսկզբի փոխարժեքին մոտ վերականգնելու համար, կամ արտահանողների համար շտապ սուբսիդավորման ծրագրեր ներդնել, որոնք դոլարի արժեւորման կուրսին համապատասխան փոխհատուցում կհատկացնեն ՀՀ արտահանողներին»:
Դիտում՝ 6025
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW