Եվրամիությունը մտահոգված է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետեւանքները կհանգեցնեն «աղետալի զանգվածային սովի» եւ միգրացիոն ալիքներ կառաջացնեն դեպի համայնք Հյուսիսային Աֆրիկայից։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր գրել է իսպանական El País թերթը՝ վկայակոչելով եվրոպական ինստիտուտների պատրաստած զեկույցը։Փաստաթղթում ասվում է Հյուսիսային Աֆրիկայի պետություններում «աղետալի զանգվածային սովի» աճող ռիսկի մասին, որը կարող է հանգեցնել «սոցիալական բողոքի նոր ալիքների, ներքին տեղաշարժերի ու միգրացիայի դեպի հարեւան տարածաշրջաններ եւ, հնարավոր է, դեպի ԵՄ»։Զեկույցում նշվում է «աշխարհաքաղաքական նոր սցենարի» մասին, որը բնութագրվում է «բարձր անկայունությամբ եւ միջազգային հանրության մասնատման աճող ռիսկերով»։ Պարբերականի վարկածով՝ միգրացիոն ճգնաժամի դեպքում առաջնագծում կլինեն Իսպանիան ու Իտալիան։Ինչպես գրում է թերթը՝ Բրյուսելը դա կապում է Ուկրաինայում հակամարտության, մասնավորապես, ուկրաինական գյուղմթերքի արտահանմանն ու էներգակիրների գների բարձրացմանն առնչվող խնդիրների հետ։ Հյուսիսային Աֆրիկայի երկրների եւ մի շարք հարեւան պետությունների համար հետեւանքները կարող են ծայրահեղ բացասական դառնալ։ «Հացահատիկի եւ այլ հիմնական գյուղատնտեսական ապրանքների պակասը, ինչպես նաեւ առանցքային ապրանքների եւ սննդամթերքի գների աճն ու սուբսիդիաների կրճատումը, կարող են հանգեցնել ծանր տնտեսական եւ սոցիալական ճգնաժամերի»,- ասված է համայնքի զեկույցում:Եվրահանձնաժողովը մտադիր է իր օգնությունը կենտրոնացնել ճգնաժամից առավել տուժած երկրների վրա, նրանց, ովքեր ձգտում են անդամակցել ԵՄ-ին, յուրաքանչյուր տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրների կամ նրանց վրա, ովքեր էներգիայի եւ հումքի ներմուծման համար առանձնահատուկ նշանակություն են ներկայացնում։ ԵՄ-ն արդեն սկսել է աջակցություն ցուցաբերել մի շարք երկրների՝ ավելի քան €225 միլիոն հատկացնելով Եգիպտոսին, Լիբանանին, Լիբիային, Մարոկկոյին, Պաղեստինին, Սիրիային եւ Թունիսին։ Երկարաժամկետ հեռանկարում ԵՄ-ն նախատեսում է օգնել նրանց՝ հնարավորինս զարգացնելու սեփական արտադրությունը:Չնայած դրան, ինչպես կարծում են Բրյուսելում, տնտեսական եւ սոցիալական ճգնաժամի ռիսկը «հատկապես բարձր է Եգիպտոսում, Հորդանանում, Եմենում, Լիբանանում, Լիբիայում, Մարոկկոյում եւ Թունիսում»։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ սովի սպառնալիքն ավելանում է բնակչության ամենաաղքատ խավերի շրջանում։ Ավելի վաղ ԵՄ անդամ երկրները պայմանավորվել էին փախստականների բաշխման մեխանիզմի շուրջ, որը կարող է գործարկվել հաջորդ միգրացիոն ճգնաժամի դեպքում։Զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի շուրջ տեւական հակամարտությունը կարող է նաեւ ապակայունացնել Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի տարածաշրջանը։ «Էներգիայի եւ սննդամթերքի աճող գները կավելացնեն աղքատությունը, սովը եւ սոցիալական լարվածությունն աճող անհավասարության, քաղաքական բեւեռացման եւ կառավարությունների նկատմամբ անվստահության համատեքստում»,- ասված է փաստաթղթում: 12.05.2022 | 20:04 Պուտին. Մի շարք երկրներում հնարավոր սովի մեղավորը Արեւմուտքն է Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գլոբալ հետեւանքների, ներառյալ՝ մի շարք պետություններում հնարավոր սովի մեղավորը արեւմտյան երկրներն են, որոնք պատրաստ են զոհաբերել մնացած աշխարհն իրենց գերակայության համար։«Ռուսաստանի նկատմամբ «պատժամիջոցային մոլեգնություն» քաղաքականության շարունակությունը Եվրամիության քաղաքացիների եւ աշխարհի ամենաաղքատ երկրների համար անդառնալի հետեւանքների կհանգեցնի»,- ասել էր Պուտինը։ Tweet Դիտում՝ 4967