ԱՄՆ վարչակազմն ու երկրի օրենսդիրները մշակում են նախաձեռնությունների փաթեթ՝ ուղղված որոշ ապրանքների եւ ծառայությունների արժեքի նվազեցմանը, որպեսզի մեղմեն երկրում զգալիորեն ավելացող գնաճի ազդեցությունը։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Բրայան Դիզը (Brian Deese)։«Գները ներկայում անընդունելի բարձր են։ Նախագահը հայտարարել է, որ տնտեսական ոլորտում պետք է կենտրոնանալ այս հարցի շուրջ եւ անել հնարավորը գները նվազեցնելու համար»,- ասել է նա։ Ինչպես ավելացրել է Դիզը, ամենաարդյունավետն, ինչ այժմ կարող է անել ԱՄՆ վարչակազմը, Կոնգրեսի հետ աշխատելն է՝ ընդունելու օրենսդրություն, որը կնվազեցնի մի շարք ծառայությունների եւ ապրանքների, այդ թվում՝ դեղատոմսով դեղերի արժեքը:Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ օրինագիծը, որի վրա աշխատանք է տարվում, ներառում է կոմունալ ծառայությունների արժեքը նվազեցնելու միջոցներ՝ էներգետիկ ոլորտում հարկային արտոնությունների տրամադրման, ինչպես նաեւ հարկման կանոնների փոփոխության միջոցով։«Եթե մեզ հաջողվի վերջնական տեսքի բերել միջոցների այս փաթեթը, ապա մոտ ապագայում մենք կձեռնարկենք հետագա քայլերը։ Սա ոչ միայն կնպաստի գների իջեցմանը, այլեւ ազդանշան կուղարկի շուկաներին եւ համաշխարհային տնտեսությանը, որ ԱՄՆ-ն իսկապես լրջորեն է վերաբերվում գնաճի դեմ պայքարին»,- ընդգծել է Դիզը:Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ ԱՄՆ վարչակազմը սերտորեն աշխատում է առանցքային օրենսդիրների հետ: Ազգային տնտեսական խորհրդի ղեկավարն ակնկալում է, որ առաջիկա շաբաթներին առաջընթաց կգրանցվի այս փաթեթին վերջնական տեսք տալու ուղղությամբ։«Մենք պարզ հասկացնել կտանք, որ տնտեսության մեջ գնաճի դեմ պայքարը մեր առաջնահերթությունն է։ Մենք կոչ կանենք Կոնգրեսին միջոցներ ձեռնարկել»,- ընդգծել է նա։Իր հերթին, ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «գնաճն իսկապես անընդունելի բարձր է», եւ դրա պատճառներից մեկը Ուկրաինայում հակամարտությունն է։«Սա էներգիայի եւ պարենային ապրանքների գների բարձրացման է հանգեցրել ԱՄՆ-ում եւ ամբողջ աշխարհում: Կարեւոր է գիտակցել, որ ԱՄՆ-ը միակ զարգացած տնտեսությունը չէ, որը տուժում է բարձր գնաճից։ Մենք դա տեսնում ենք Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում: Դրա պատճառները գլոբալ են, ոչ թե լոկալ»,- ասել է նա՝ հավելելով, որ «այդ գործոնները դժվար թե անմիջապես անհետանան, բայց ես ակնկալում եմ, որ գնաճը կնվազի»:«Մենք միասնական ենք մեր դաշնակիցների հետ՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, որպեսզի արձագանքենք, պատժենք Ռուսաստանին այն ամենի համար, ինչ նա անում է Ուկրաինայում։ Սա մեզ համար եւս ծախսեր է ենթադրում»,- ընդգծել է Ջանեթ Յելենը։ Tweet Դիտում՝ 3484