Մատակարարման շղթաների վերականգնման ֆոնին արտահանման աճի, ինչպես նաեւ ռուբլու հետագա ամրապնդման դեպքում Ռուսաստանի տնտեսությունը կարող է նորից «հիվանդանալ» «հոլանդական հիվանդությամբ», Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ զգուշացրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:«Մեզ մոտ հիմա լոգիստիկ շղթաները դեռեւս կառուցված չեն, բայց դրանք կկառուցվեն, ու մենք նորից կհիվանդանանք։ Ի դեպ, մենք վերջերս տառապել ենք այդ հիվանդությամբ»,- Սիլուանովի խոսքերն է մեջբերում RBC-ն։ Նախարարն ընդգծել է, որ «բուժել այս հիվանդությունը» պետք է բյուջետային կանոնով։Սիլուանովը տեղեկացրել է, որ պետությունը լրացուցիչ 3 տրիլիոն ռուբլի կհատկացնի բիզնեսի աջակցությանը, ներառյալ՝ ներմուծողներին. այդ նպատակների համար նախատեսված ընդհանուր բյուջեն կհասցվի 26 տրիլիոն ռուբլու։«Ունե՞ք գումար։ Ունենք: Բայց անվերջ նման ծախսեր իրականացնելն անհնար է։ Երբ բոլորը խոսում են բյուջետային կանոնների մասին, որոնք առաջարկում է ֆինանսների նախարարությունը... Մենք նրա համար չենք, որ սահմանափակենք ծախսերը, այլ, որպեսզի կախված չլինենք նավթային ասեղից: Որովհետեւ հիմա մենք նավթի ու գազի բոլոր եկամուտներն ուղղում ենք ծախսերին։ Սա կարո՞ղ է շարունակվել: Միգուցե: Բայց այդ դեպքում մեր ծախսերը կախված կլինեն ռենտայից, որը որոշվում է ոչ թե մեր երկրում, այլ արտասահմանում, եւ այն հումքային ռեսուրսների ծավալներով, որոնք մենք արտահանում ենք»,- պարզաբանել է նախարարը։Նշենք, որ «հոլանդական հիվանդությունը» կամ Գրոնինգենի էֆեկտը ենթադրում է ազգային արժույթի կտրուկ ամրապնդում մեկ գերիշխող ոլորտից ապրանքների արտահանման սրընթաց աճի հաշվին: Ամենից հաճախ դա վերաբերում է ածխաջրածնային հումքին։ «Հոլանդական հիվանդությունը» հանգեցնում է, որ սկզբում արտարժույթի ներհոսքը նվազեցնում է երկրում գնաճը, սակայն, միաժամանակ, դանդաղեցնում է այլ ճյուղերի զարգացումը եւ խոչընդոտում տնտեսական աճը, ինչն ապագայում հղի է գների կտրուկ բարձրացմամբ։Այս հասկացությունը հայտնվել է 1977 թվականին Economist ամսագրի հոդվածում, որտեղ նկարագրվում էին 1950-ականների սկզբին հոլանդական Գրոնինգեն նահանգում խոշոր գազի հանքավայրի զարգացման հետեւանքները: Գազի արտահանման կտրուկ ավելացումը բարձրացրեց բնակչության եկամուտների մակարդակը հոլանդական գուլդենի ամրապնդման հաշվին, ավելացավ ներմուծվող ապրանքների պահանջարկը։ Արդյունքում, ազգային արդյունաբերությունը ուժեղ անկում ապրեց օտարերկրյա արտադրողների հետ մրցակցելու անկարողության եւ ֆինանսավորման բացակայության պատճառով (ներդրումներն ուղղվում էին երկրաբանական ուսումնասիրություններին): Երկրում աճեց գործազրկության մակարդակը, նվազեց տնտեսական ներուժը, թուլացավ ազգային արժույթը։ Այժմ Հոլանդիան ինքն է վառելիք գնում, թեեւ 1990-ականներին այն Եվրոպայի ամենախոշոր գազ արտահանողներից մեկն էր։Հիշեցնենք, որ «հոլանդական հիվանդության» ռիսկի մասին վերջերս զգուշացրել էր նաեւ տնտեսական գիտությունների դոկտոր, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Դենիս Դոմաշենկոն: «Ածխաջրածինների բարձր գներով վաճառքից արտահանման եկամուտների ներհոսքը եւ ռուբլու ամրապնդումը, այդ թվում՝ ներքին արժութային սահմանափակումների պատճառով, կրում են տնտեսության «հոլանդական հիվանդության» ռիսկերը, երբ բարձր փոխարժեքը հանգեցնում է բարձր տեխնոլոգիական ոլորտների ետ մնալուն եւ երկարաժամկետ հեռանկարում ապրանքների թանկացմանը»,- ընդգծել էր տնտեսագետը։ Tweet Դիտում՝ 5248