«Լույս» հիմնադրամ. Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է

17.06.2022 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լույս #ՀՆԱ #պարտք
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման» հաշվետվությունը:

Հիմնադրամի հաշվետվության մեջ, մասնավորապես, ասված է.

Հայաստանի 2021թ. տնտեսական աճի տեմպերը չեն բավարարել տնտեսության մինչճգնաժամային մակարդակի վերականգնումը եւ հետագա կայուն զարգացումը։ Չնայած գրանցված 5.7% տնտեսական աճին, ՀՆԱ-ի 2019թ․մակարդակը վերականգնելու համար պահանջվում էր շուրջ 2.3 տոկոսային կետով բարձր տնտեսական աճի տեմպ։ Մինչդեռ, տարածաշրջանային երկրների (Վրաստան, Ադրբեջան, ՌԴ, Թուրքիա, Իրան) հետ համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրների 2021թ. ՀՆԱ-ն արդեն իսկ գերազանցում է 2019թ.-ի մակարդակին:

Տնտեսական աճի կառուցվածքը բավական մտահոգիչ է. այն ապահովվել է հիմնականում համախառն պահանջարկի աճի հաշվին, մինչդեռ՝ մեծածավալ ներդրումներով պայմանավորված տնտեսական աճի նախադրյալներն իսպառ բացակայում են: Մյուս կողմից`տնտեսության արտահանելի հատվածի աճի տեմպերը գոհացուցիչ չեն. անկում է գրանցվել գյուղատնտեսությունում, իսկ արդյունաբերության աճն աննշան է: Փոխարենը, աճը համեմատաբար բարձր է ոչ արտահանելի հատվածի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են`առեւտուրը եւ ծառայությունները: Արդյունքում վտանգված է տնտեսության ոչ միայն վերականգնման, այլեւ ներուժի ընդլայնման եւ տնտեսության կառուցվածքի առողջացման հեռանկարը:

 «ՀՀ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ» հարաբերակցությունը 2021թ. ընթացքում նվազել է (24.1%՝ նախորդ տարվա 25.2%-ի դիմաց)։ Չնայած հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճին՝ ընդհանուր եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը անկում է ապրել՝ նվազեցնելով կառավարության ծախսեր կատարելու հնարավորությունները: Ըստ պաշտոնական մեկնաբանության, դրա հիմնական պատճառը այլ եկամուտների եւ պաշտոնական դրամաշնորհների նվազումն է (2020թ.-ի համեմատ շուրջ 4.3 անգամ)։ Այս կտրուկ նվազումը մտահոգիչ է եւ այն առավել հաճախ կարող է վկայել դրամաշնորհային ծրագրերի իրականացման նախորդ փուլերում ծրագրերի թերի (ոչ լիարժեք) կատարման մասին։

Մտահոգիչ է ծախսերի կառուցվածքի վատթարացումը՝ ընթացիկ ծախսերի տեսակարար կշռի աճի եւ կապիտալ ծախսերի նույնքան նվազման համատեքստում։ Ավելին, 2020թ.-ից շարունակվող ընթացիկ ծախսերի գծով անհրաժեշտ վերանայումներ չիրականացնելու եւ ընթացիկ ծախսերը պարտքով ֆինանսավորելու գործելակերպի պատճառով վերցված պարտքը վերջին տարիներին չի ուղղվել տնտեսության ներուժի վերականգնման եւ ընդլայնման համար նախատեսված ծախսերի կատարմանը, ինչը լրացուցիչ եկամուտ կստեղծեր պարտքի հետագա սպասարկումը եւ մարումն ապահովելու համար։ Նման գործելակերպը շարունակելու պարագայում (ընթացիկ ծախսերի պարտքով ֆինանսավորում, կապիտալ ծախսերի թերակատարում) վտանգված կլինեն թե՛ հարկաբյուջետային կայունության ապահովումը, եւ թե՛ կառավարության տնտեսական զարգացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը։

Շարունակում է մտահոգիչ մնալ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի (կապիտալ ծախսեր) առանց այն էլ ցածր մակարդակի շարունակական նվազումը (2021թ. դրանք կազմել են 218.4 մլրդ դրամ /ընդհանուր ծախսերի 10.8%-ը` նախորդ տարվա համեմատ նվազելով 1.1 տոկոսային կետով)։ Փաստորեն, աճել են միայն բյուջեի ընթացիկ ծախսերը (որոնց դրական ազդեցությունը տնտեսական վերականգնմանը անուղղակի է)։ Այս թերացումը թերեւս կարող է մեկնաբանվել այսպես՝ կապիտալ ծախսերի նվազումը ազդել է տնտեսական աճի տեմպի վրա եւ դանդաղեցրել այն: Նախորդ տարվա համեմատ տնտեսությանն ուղղվող կապիտալ ծրագրերի ծավալի նվազումն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի իրականացման անկարողության խնդիրը դեռեւս չի լուծվել։

2021թ.-ի ընթացքում ավելացել է ՀՀ պետական պարտքը։ ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 60.3% եւ, չնայած նախորդ տարվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով, այնուամենայնիվ, շարունակում է գերազանցել հարկաբյուջետային կանոններով սահմանված 60% առավելագույն շեմին:
Դիտում՝ 1776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW