Գլոբալիզացիան չի հանգեցրել ներդաշնակեցման, այլ, ընդհակառակը, շատ առումներով մեծացրել է հասարակության բեւեռացումը։ Հայտնվել են համակարգային քաոսի նշաններ, որոնցից պետք է ելք փնտրել։ Այս մասին RBC-ի համար սյունակում գրել է սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը։Նրա կարծիքով՝ ներկայիս իրադարձությունները գլոբալ փոփոխությունների նոր ալիք են հանդիսանում, որոնք կարող են տեւել տասնամյակներ։ «Փոխակերպումները ցավոտ կլինեն, եւ չի մնա մեր կյանքի ոչ մի ոլորտ, որի վրա դրանք չազդեն։ Իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան որեւէ համակարգի անկումը կամ ռազմական, տնտեսական, ֆինանսական հակամարտությունները»։Ինչպես գրում է Վարդանյանը, կարող են դեն նետվել այնպիսի դրույթներ, ինչպիսիք են անմեղության կանխավարկածը, անհատի առավելությունը հասարակության նկատմամբ, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, տեղեկատվության ճշմարտությունն ու արժանահավատությունը, միջին խավի կարեւորությունը որպես ժամանակակից պետության հիմք։Նա կարծում է, որ ստեղծված ճգնաժամից դուրս գալու երեք սցենար կա։ Կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է վերականգնել մատակարարման շղթաները եւ հավասարակշռել ֆինանսական համակարգերը, այլ կերպ ասած՝ արձագանքել մարդկանց եւ ձեռնարկությունների հրատապ կարիքներին: Միջնաժամկետ հորիզոնում՝ որոշել մարտավարությունը եւ ռեսուրսների ու գործընկերների մոբիլիզացումը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ զբաղվել տեխնոլոգիական զարգացմամբ:Ապագայում կարելի է խոսել նոր գլոբալ առեւտրային կոալիցիաների եւ համաշխարհային վստահության նոր ուրվագծի մասին։ «Քաղաքակրթական հակամարտություններում մեծանում է փոքր երկրների դերը, որոնք գտնվում են քաղաքակրթությունների խաչմերուկում։ Իրենց չափերի եւ պատմական փորձի շնորհիվ նրանք կարող են լինել մեր ժամանակների մարտահրավերներին նորարարական պատասխաններ գտնելու առաջնագծում եւ օգնել նվազեցնել բեւեռացումը աշխարհում»,- կարծում է Վարդանյանը։Բացի այդ, ըստ գործարարի, մարդկությանն անհրաժեշտ են բարոյական առաջնորդներ, գործունեության տարբեր ոլորտների մարդիկ, ովքեր պատրաստ են միասին քննարկել առանցքային մարտահրավերները եւ փնտրել դրանց պատասխանները։ «Համակարգային քաոսը պահանջում է դուրս գալ յուրաքանչյուր առանձին շերտի մտածելակերպի սովորական «թունելից»՝ փորձելով տեսնել ամբողջական պատկերը: Հենց այս մարդիկ պետք է ձեւավորեն վստահության նոր շրջանակ. դրա ճգնաժամը մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, փոփոխության պահանջը գլոբալ է»,- նշել է նա։Կարեւոր է համայնքների դերը, վստահ է Վարդանյանը։ «Սովորական հենարանները՝ ընտանիքը, տոհմը, համայնքը, կրոնը եւ գաղափարախոսությունը, ազգային ու կորպորատիվ ինքնությունը, քայքայվում են, եւ մեր անձնական տիեզերքը մարդկանց միջավայրն է, որը չափորոշում, պահպանում եւ զարգացնում է արժեքները: Չեմ բացառում, որ մեր նախագծերում այնպիսի վստահության մակարդակ լինի, որ նույնիսկ գործարքների իրավաբանական ձեւակերպումը լինի զուտ ձեւականություն՝ այդքան մեծ է մասնակիցների հեղինակության դերը։ Միայն նման միջավայրում մենք իսկապես նոր աշխարհ կստեղծենք եւ չենք դեսուդեն նետվի հնի ավերակների վրա»,- կարծում է նա։ Tweet Դիտում՝ 6544