Fitch-ը նվազեցրել է համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը

15.06.2022 | 09:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#Fitch Ratings #Global Economic Outlook
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է 2022 թվականին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մարտին սպասվող 3,5%-ից մինչեւ 2,9%, այդ թվում՝ գնաճի ուժեղացման պատճառով, հաղորդում է Finmarket-ը։

Առավել զգալիորեն վերանայվել է Չինաստանի ՀՆԱ-ի աճի գնահատականը՝ 4,8%-ից մինչեւ 3,7%: Բացի այդ, այժմ ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 2,9%-ով (նախկինում՝ 3,5%), Եվրոգոտունը՝ 2,6%-ով (նախկինում՝ 3%)։

Fitch-ը նաեւ նվազեցրել է 2023 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչեւ 2,7%՝ երեք ամիս առաջ սպասվող 2,8%-ից:

«Գլոբալ գնաճային ճնշումը շարունակում է ուժեղանալ՝ գնալով ավելի անբարենպաստ ազդեցություն ունենալով տնտեսական աճի հեռանկարների վրա: Չինաստանում վերջին լոքդաուններն ավելացնում են ճնշումը համաշխարհային արտադրական մատակարարումների շղթաների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմի պատճառով էներգակիրների եւ պարենային մատակարարումների ընդհատումները սպասվածից ավելի էական ազդեցություն ունեն եվրոպական գնաճի վրա»,- ասված է թարմացված Global Economic Outlook-ում (GEO):

Գնաճային ճնշումն ուժեղանում է նաեւ ծառայությունների ոլորտում, հատկապես ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատաշուկայի խիստ պայմանները նպաստում են աշխատավարձերի բարձրացմանը: Արդյունքում, Fitch-ը զգալիորեն եւ կտրուկ վերանայել է գնաճի կանխատեսումները, հատկապես Եվրոպայում այս տարվա երկրորդ կիսամյակի համար։

Շանհայում լոքդաունը կհանգեցնի նրան, որ Չինաստանի ՀՆԱ-ն երկրորդ եռամսյակում կնվազի նախորդ երեք ամիսների համեմատ։ Քանի որ COVID-19-ի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը շարունակում է գործել, գործակալության վերլուծաբանները հնարավորություն չեն տեսնում երկրի տնտեսության արագ վերականգնման համար։



ԱՄՆ-ի տնտեսությունն աճի կարճաժամկետ ազդակ ունի, սպառողական ծախսերն աջակցվում են աշխատատեղերի թվի եւ աշխատավարձերի աճով: Սակայն 2023 թվականի կեսից աճը կդանդաղի դրամավարկային քաղաքականության ավելի ագրեսիվ խստացման պատճառով:

Fitch-ը կանխատեսում է, որ ԱՄՆ-ի աճի տեմպերը 2023 թվականին կնվազեն մինչեւ 1,5%, իսկ 2024 թվականին՝ մինչեւ 1,3%: Պատմական փորձը վկայում է ԱՄՆ-ում ռեցեսիայի զգալի ռիսկի մասին դրամավարկային քաղաքականության կտրուկ խստացումից հետո։



«Գնաճային խնդիրներն այնքան ակնհայտ են դարձել, որ կենտրոնական բանկերը ստիպված են արձագանքել՝ հրաժարվելով նախկին մտադրություններից ու կանխատեսումներից։ Գնաճի արմատավորման ռիսկը չափազանց մեծ է այն անտեսելու համար»,- ասել է Fitch-ի գլխավոր տնտեսագետ Բրայան Քոուլթոնը:

Գործակալության վերլուծաբաններն այժմ ակնկալում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգն այս տարվա չորրորդ եռամսյակում կբարձրացնի հիմնական տոկոսադրույքը մինչեւ տարեկան 3%, իսկ հաջորդ տարվա առաջին եռամսյակում՝ մինչեւ տարեկան 3,5%: Ըստ կանխատեսման՝ Անգլիայի Բանկը այն կավելացնի համապատասխանաբար մինչեւ տարեկան 2% եւ 2,5%։

Փորձագետները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկն այս տարի կբարձրացնի տոկոսադրույքը 100 բազիսային կետով, իսկ 2023 թվականին՝ 50 բազիսային կետով։ Ներկայումս այն գտնվում է զրոյական մակարդակում։
Դիտում՝ 4076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW