ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ գործընկեր կենտրոնական բանկերն ու այլ բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են դոլարներ տալիս, որովհետեւ տեսակետ կա, որ կարող է փոխանցվել ռուսաստանյան կողմին, ՌԴ քաղաքացիներին։ Այս մասին ԿԲ նախագահն ասել է՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչո՞ւ են հայկական բանկերը դժկամորեն դոլար վաճառում։ «Այսօր խոսել եմ բանկերի ղեկավարների հետ, խնդիրը հետեւյալն է. Ռուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է մի իրավիճակ, որ կա կանխիկ արտարժույթի շուկա եւ անկանխիկ արտարժույթի շուկա։ Անկանխիկ արտարժույթի շուկայում որեւէ խնդիր չկա այս պահի դրությամբ։ Եթե նույնիսկ ունեք տրանսֆեր, որը ստացել եք անկանխիկ եղանակով եւ մուտք է եղել մեր հայկական առեւտրային բանկի թղթակցային հաշվի վրա դոլարային տեսքով, նրանք այստեղ այդ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա։ Խնդիրներն առաջանում են այն պահին, երբ փոխանցված անկանխիկը այնտեղ մնում է որպես անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդն ուզում է վերցնել որպես կանխիկ դոլար»,- ասել նա։ Մարտին Գալստյանը նշել է, որ աշխարհի շատ երկրներում տարածված պրակտիկա է, երբ միջազգային փոխանցումները հաճախորդը ստանում է ազգային արժույթով, բայց Հայաստանում երբեւէ կանխիկ դոլարի հետ խնդիր չի եղել։ «Մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարի նկատմամբ որոշակի նվազել է, դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ։ Չեմ կարծում, թե սա վստահության հարց է, մեր շփումներն ամերիկյան գործընկերների հետ հակառակի մասին են խոսում, կա վստահության շատ բարձր մակարդակ։ Մենք մեզ դրսեւորել ենք որպես չափազանց վստահելի գործընկեր։ Խոսքը բացառապես կանխիկ դոլարի մասին է։ Հավանաբար, նրանց քաղաքականությունն է այս պահին, որ պետք է որոշակիորեն սահմանափակվի կանխիկ արտարժույթի շրջանառությունը ոչ միայն Հայաստանում, այլ՝ աշխարհում, որի մի մասն էլ մենք ենք։ Ենթադրաբար, մեր փոխկապակցվածությունները հաշվի առնելով՝ մեր նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ մնացած փոխկապակցված երկրների նկատմամբ»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 5858