Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը գործընկերություն է հաստատել ամերիկյան Grameen America միկրոֆինանսական կազմակերպության հետ՝ աջակցելու վերջինիս ջանքերին ընդլայնել լատինաամերիկացի գործարարների հասանելիությունը վարկերին, հաղորդում է Inc.-ը: Լոպեսը կազմակերպությանը կմիանա որպես ազգային դեսպան։ Այս դերում երգչուհին կկատարի մի քանի գործառույթ, այդ թվում՝ կօգնի Grameen America-ին ԱՄՆ 50 քաղաքում 600 000 լատինաամերիկացի գործարարի իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնման հարցում: Այս նպատակների համար հատկացվել են $14 միլիարդի չափով վարկային միջոցներ: Grameen-ը հայտնում է, որ միանալով միկրովարկավորման ծրագրին՝ Լոպեսը «կխրախուսի, կխթանի եւ կոգեշնչի» լատինաամերիկացի բիզնեսի սեփականատերերին, ինչպես նաեւ կօգնի նրանց կերտել այն ուղին, որը տանում է դեպի «ֆինանսական անկախության եւ գրագիտություն»:«Մենք ուղիներ ենք ստեղծում աշխատելու եւ առաջնորդության հնարավորությունները ընդլայնելու համար: Այս համայնքում շատ ուժ է կուտակված, եւ մենք օգտագործում ենք այն: Այս համագործակցությունը կստեղծի հավասարություն, ներգրավվածություն եւ բիզնես հնարավորություններ լատինաամերիկացի կանանց համար»,- նշել է Լոպեսը:«Մենք կայանատեղիների ծառայողներ էինք, խոհանոցի աշխատողներ, զբաղվում էինք տնային տնտեսությամբ: Մայրս քոլեջ չէր այցելում, քանի որ չուներ նման հնարավորություն: Ես մեծացել եմ այս աշխարհում»,- բացատրել է նա իր որոշումը:Վարկերին հասանելիություն ստանալու համար շահագրգիռ անձինք պետք է դառնան Grameen-ի հաճախորդներ: Այնուհետեւ՝ մինչեւ վարկ ստանալը, նրանք պետք է ավարտեն ֆինանսական վերապատրաստման մեկշաբաթյա դասընթաց եւ շարունակեն մասնակցել ֆինանսական գրագիտության ամենշաբաթյա դասերին:Վարկերը նախատեսված են միայն բիզնես նպատակների համար։ Գումարը կարող է ծախսվել ընկերության շրջանառու միջոցների համալրման, առեւտրային տարածքների վարձակալության, սարքավորումների ձեռքբերման եւ այլնի վրա։Տոկոսադրույքը կկազմի տարեկան 16-18%, ինչը 8-10%-ով բարձր է բիզնեսի զարգացման համար ավանդական բանկային վարկերից։ Սակայն Grameen-ի գործադիր տնօրեն Անդրեա Յունգը գտնում է, որ այս պայմանները շատ գրավիչ են. սովորաբար լատինաամերիկացի ծագումով մարդկանց, հատկապես վարկային պատմություն չունեցող կանանց, ընդհանրապես փակ է հասանելիությունը բանկային համակարգին: «Մենք ցանկանում ենք ապացուցել, որ բոլորը, անկախ սեռից, ռասայից կամ եկամուտից, հնարավորություն ունեն ճանապարհ անցնել աղքատությունից դեպի ֆինանսական բարեկեցություն»,- հայտարարել է Յունգը: Tweet Դիտում՝ 5539