ԱՀԿ 56 անդամներ խոստանում են օգնել Ուկրաինայից ապրանքների արտահանմանը

13.06.2022 | 13:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՀԿ #Ուկրաինա #արտահանում
Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ, ընդգրկում է 164 մասնակից) 52 այլ անդամներ համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Ուկրաինային եւ խոստացել աջակցել արտահանմանը երկրի տարածքից։

«Մենք կոչ ենք անում ԱՀԿ անդամներին վարվել նույն կերպ, այդ թվում՝ մաքսային ընթացակարգերի դյուրացման միջոցով»,- ասված է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Քեթրին Թայի կայքում հրապարակված հայտարարության մեջ:

RBC-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ անդամները նշել են, որ ռազմական գործողությունների արդյունքում Ուկրաինայի տարածքում ոչնչացվել է տրանսպորտային ենթակառուցվածքի զգալի մասը, ներառյալ՝  ճանապարհները, կամուրջները, նավահանգիստները եւ երկաթուղիները, ինչը «էապես նվազեցնում է Ուկրաինայի՝ արտադրելու, արտահանելու եւ ներմուծելու կարողությունը»։

«Մենք լրջորեն անհանգստացած ենք Ուկրաինայի եւ համաշխարհային առեւտրի համար այս ավերածության հետեւանքով, մասնավորապես, կապված Ուկրաինայի կողմից արտադրվող մի շարք առանցքային ապրանքների միջազգային շուկաներ մատակարարումների հետ, ներառյալ՝ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքները, պարարտանյութերը, արեւածաղկի ձեթը եւ կարեւորագույն օգտակար հանածոները»,- հայտարարել են նրանք։

Հայտարարության հեղինակները նաեւ նշել են, որ անհանգստացած են ուկրաինական հացահատիկի գողության մասին լուրերով (այս մասին, մասնավորապես, գրել է New York Times-ը, Ուկրաինան եւս մեղադրել է Ռուսաստանին այդ հարցում։ Մոսկվան հերքում է մեղադրանքները)։ Նրանք ընդգծել են Ուկրաինայի առեւտուր իրականացնելու կարողության պահպանման կարեւորությունը եւ կոչ են արել թույլ չտալ, որպեսզի «առեւտրային ուղիները, հատկապես ծովային ուղիներն ու նավահանգիստները, արգելափակվեն ուժի կիրառման սպառնալիքով»։

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է նավահանգիստներում նավերն արգելափակելու մեջ, մի շարք արեւմտյան երկրների իշխանությունները կարծում են, որ ՌԴ ռազմական գործողությունը սրել է պարենային ճգնաժամը։ Մոսկվան հայտարարում է, որ ուկրաինական նավահանգիստները եւ դրանց մոտ գտնվող ջրատարածություններն ականապատված են, եւ առեւտրային նավերը պայթեցվելու վտանգի տակ են, իսկ պարենի մատակարարման հետ կապված խնդիրները «արտադրական եւ մատակարարման շղթաներում խափանումներ են առաջացրել»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է օգնել ճգնաժամի կարգավորմանը, եթե չեղարկվեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։
Դիտում՝ 4597
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW