Երեւան /Մեդիամաքս/. France Telecom ընկերությունը (Orange ապրանքանիշ) պաշտոնապես ճանաչվել է մրցույթի հաղթող եւ կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորը##: Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը: Նախօրեին Երեւանում բացվել էին բոլոր երեք ընկերությունների գնային առաջարկությունները պարունակող ծրարները: Երրորդ բջջային օպերատորի արտոնագիրը ստանալու համար France Telecom ընկերությունն առաջարկել էր ամենաբարձր գինը /51 մլն 500 հազ.եվրո/: Այս տարվա սեպտեմբերի 16-ին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում France Telecom-ի Եվրոպայում ու Եվրասիայում միջազգային բիզնեսի բաժնի պետ Ժան Միշել Սերրեն ասել էր, որ մրցույթում հաղթելու դեպքում France Telecom ընկերությունը Հայաստանում անհրաժեշտ ծավալի ներդրումներ կկատարի որակյալ կապ ապահովելու նպատակով: “Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի: Դա վերաբերում է ոչ միայն հաճախորդների թվի ավելացմանը, այլեւ, գլխավորապես, նոր ծառայությունների մատուցմանը”, - նշել էր նա: Սերրեյի խոսքերով, Հայաստանը դեռեւս հեռու է նոր ծառայություններուվ հագեցած լինելուց: “Մենք կարծում ենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ իրավիճակը կփոխվի ու Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտն էականապես կտարբերվի այժմյանից: Դա է վկայում մեր միջազգային փորձը”, - ասել էր Orange-ի ներկայացուցիչը: Պատասխանելով նոր ծառայությունների վերաբերյալ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Ժան Միշել Սերրեն ասել էր, որ դա նախեւառաջ որակյալ բջջային հեռախոսակապն է` ինտերնետին լայնաշերտ հասանելիությամբ: Tweet Դիտում՝ 5723