Հայ աշակերտների ստեղծած սարքը կուղարկվի տիեզերք

06.06.2022 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Այբ» #Ad Astra թիմ
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի Ad Astra թիմը դարձել է «Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթ 2022»-ի հաղթող։

«Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող կուղարկվի տիեզերք։ Թռիչքը նախատեսվում է հունիսին տիեզերք դուրս եկող ենթաուղեծրային հրթիռից։
 
Մրցույթին մասնակցել են 12-21 տարեկան հայ պատանիներ եւ երիտասարդներ: Եզրափակիչ փուլ անցել էին 3 թիմ (Ad Astra, AYAS, GDL), որոնք էլ ներկայացրին իրենց ստեղծած սարքը եզրափակիչ ընտրության համար։
 
«Այբ» դպրոցի Ad Astra թիմի անդամներն են 12-րդ դասարանի աշակերտներ Անդրե Վարդանյանը, Էլինա Մելքոնյանը, Հայկ Փիլիպոսյանը եւ 11-րդ դասարանցի Դավիթ Վանյանը, մենտորներն են ինժեներական ակումբի ղեկավար Վազգեն Գաբրիելյանը եւ ռոբոտաշինության լաբորատորիայի  աշխատակից, «Այբ» դպրոցի շրջանավարտ  Ռուբեն Քերոբյանը։
 
«Այբ» դպրոցի աշակերտների  նախագծած 197 գրամանոց սարքը (payload) տեղադրվելու է ենթաուղեծրային հրթիռում եւ ուղարկվելու բաց տիեզերք՝ մինչեւ 125 կմ բարձրություն, այսինքն հատելու է տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։ Սարքը տիեզերքում մնալու է 2-3 րոպե եւ այդ ընթացքում տվյալներ է հավաքելու հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի եւ ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության եւ օզոնի կոնցենտրացիայի մասին։ Վերջին երկու չափումները կատարող սենսորները նախատեսվել եւ առաջարկվել են AYAS թիմի կողմից եւ ավելացվել են այդ թիմի հետ համագործակցության արդյունքում։ Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին ետ է ընկնելու։
 
«Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի աշակերտները  մրցույթում հաղթելու շնորհիվ նաեւ հնարավորություն կունենան մասնակցելու «Ստարմուս» գիտական 6-րդ միջազգային փառատոնին։


 
Դիտում՝ 2600
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW