Եվրոպայում գնահատել են Ռուսաստանի նկատմամբ նավթային էմբարգոյի հետեւանքները

04.06.2022 | 20:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Bruegel #Energy Comment #IEA
Ռուսաստանից նավթի ներկրման արգելքի պատճառով գնաճը եվրոպական երկրներում կշարունակի աճել, ինչը կհարվածի եվրոպացի սպառողներին եւ տեղական ձեռնարկություններին, Der Spiegel-ին ասել է Բրյուսելում գործող Bruegel վերլուծական կենտրոնի ղեկավար Գունտրամ Վոլֆը։

«Գնաճային ճնշումը կշարունակվի»,- տնտեսագետի խոսքերն է մեջբերում RBC-ն։ Նա ակնկալում է «գնողունակության զգալի անկում»։ Վոլֆի կարծիքով՝ կառավարությունները կարող են փորձել թուլացնել գնային շոկը գազալցակայաններում զեղչերի հաշվին, ինչպես նաեւ հարկերի կրճատման եւ դոտացիաների շնորհիվ, ինչը, հավանաբար, կավելացնի պետական պարտքը:

Bruegel-ի ղեկավարի խոսքով՝ Եվրամիությանն անհրաժեշտ է էմբարգոյի տնտեսական եւ սոցիալական հետեւանքները հաղթահարելու հայեցակարգ, որը երկարաժամկետ հեռանկարում կնվազեցնի Ռուսաստանի նավթային եկամուտները։

Իսկ Energy Comment վերլուծական ընկերության ղեկավար Շտեֆեն Բուկոլդը կարծում է, որ նոր պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո «էմբարգոն կարող է խնդիր դառնալ Ռուսաստանի համար», սակայն մինչ այդ «դեռ երկար ճանապարհ կա անցնելու»։ Նա գտնում  է, որ թե՛ Բրյուսելը, թե՛ Մոսկվան ժամանակ կունենան պատրաստվելու ռուսաստանյան վառելիքի մատակարարման արգելքին։

Դա վերաբերում է նաեւ լցանավերով (տանկեր) նավթի փոխադրմանը, ասել է Բուկոլդը։ Ըստ վերլուծաբանի՝ եվրոպական ընկերությունները «մինչեւ վերջին պահը չեն սպասի», նրանք չեն երկարաձգի ժամկետը լրացող պայմանագրերը, այլ կվերակողմնորոշվեն դեպի այլ մատակարարներ։ Ռուսաստանն, իր հերթին, նոր հաճախորդներ է փնտրելու, առաջին հերթին՝ Ասիայում, ասել է փորձագետը։



«Ռուսաստանյան նավթի մեծ մասը փոխադրվում է եվրոպացիներին պատկանող լցանավերով»,- նշել է Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆատիհ Բիրոլը։ Ապահովագրությամբ հիմնականում զբաղվում են եվրոպական կամ ամերիկյան ընկերությունները: Ռուսաստանյան հումքով լցանավերի ապահովագրության վրա ԵՄ-ի արգելքի հետ կապված՝ Ռուսաստանը կարող է դիմել այլ երկրների ընկերություններին, գրում է Spiegel-ը։

Financial Times-ի աղբյուրներն ավելի վաղ հնարավոր էին համարել, որ Ռուսաստանը ստիպված կլինի դիմել ապահովագրողներին «ավելի փոքր եւ ավելի քիչ զարգացած շուկաներում»:

Հիշեցնենք, որ Եվրամիության պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում կարգելվի ռուսաստանյան նավթի ներմուծումը ծովային ճանապարհով։ «Այս արգելքը, զուգորդված Գերմանիայի եւ Լեհաստանի կողմից ընդունված ազգային որոշումների հետ, մինչեւ տարեվերջ կնվազեցնի ՌԴ նավթի ներմուծումը 92%-ով»,- ասված էր հայտարարության մեջ։ Մոտ ժամանակներս այն կլրացվի խողովակաշարով Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքով։
Դիտում՝ 8257
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW