Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանձնարարել է իր մերձավոր խորհրդականներին մտածել՝ ինչպես կարելի է ֆինանսական օգնություն տրամադրել Ռուսաստանին՝ չխախտելով Արեւմուտքի պատժամիջոցները։ RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով չինացի ու ամերիկացի պաշտոնյաներին։Թերթի զրուցակիցների փոխանցմամբ՝ Պեկինը գտնվում է ծանր վիճակում, քանի որ, մի կողմից, ձգտում է օգնել «իր ամենակարեւոր ռազմավարական գործընկերոջը», իսկ մյուս կողմից՝ զգուշանում է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները կարող են կտրել Չինաստանը տեխնոլոգիաներից եւ հարված հասցնել երկրի ֆինանսական համակարգին:Մինչդեռ Մոսկվան ակնկալում է Պեկինի կողմից աջակցության ուժեղացում, նշել են պաշտոնյաները: Զրուցակիցները չեն խորացել մանրամասների մեջ։ Սակայն, նրանցից մեկի խոսքով, ռուսաստանյան կողմը հույս ունի, որ Չինաստանը կկատարի իր «առեւտրային պարտավորությունները», որոնք կային դեռեւս Ուկրաինայում ռազմական գործողությունից առաջ, ինչպես նաեւ ակնկալում է «ֆինանսական եւ տեխնոլոգիական աջակցություն» ստանալ։ Միաժամանակ, Ռուսաստանը զինամթերք չի խնդրել։«Մենք հասկանում ենք, թե ինչպիսի դժվար վիճակում է հայտնվել Մոսկվան: Սակայն չենք կարող անտեսել մեր սեփական իրավիճակը։ Չինաստանը միշտ գործելու է իր ժողովրդի շահերից ելնելով»,- պարբերականին ասել է քննարկումներին անմիջականորեն տեղյակ պաշտոնյան:ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենգյուն նշել է, որ խնդիրը Ռուսաստանին՝ պատժամիջոցները շրջանցելու օգնության մեջ չէ, այլ որ «Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ նորմալ տնտեսական եւ առեւտրային համագործակցությանը կարող է անհիմն վնաս հասցվել»: Սահմանափակումները «պարտվողական» իրավիճակ է բոլոր կողմերի համար, հավելել է նա։Պարբերականի զրուցակիցներից մեկը, անդրադառնալով պատժամիջոցները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու հետեւանքների մասին ԱՄՆ-ի զգուշացումներին, դրանց «իրական պատճառ» է անվանել Պեկինի եւ Մոսկվայի միջեւ տարաձայնություն սերմանելու ցանկությունը, ինչը, նրա կարծիքով, տեղի չի ունենա։ «Նրանց [ԱՄՆ-ին] չի հաջողվի խաթարել չին-ռուսական հարաբերությունները»,- վստահ է նա։Միաժամանակ, ըստ Washington Post-ի զրուցակցի, Ուկրաինայում ռազմական գործողությունները երկարաձգվեցին ավելին, քան Չինաստանն էր սպասում, եւ Պեկինը Մոսկվային հասկացնել է տվել, որ ռազմական գործողությունների դադարեցումը «ավելի շատ ազատություն կտա պատժամիջոցներին դիմակայելու եւ գործարար կապերը զարգացնելու համար»։ Tweet Դիտում՝ 9178