Եվրոպացի փորձագետները Երեւանում կքննարկեն զբոսաշրջության ներկա իրավիճակը

31.05.2022 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՄԱԿ ԶՀԿ #Երեւան #նիստ
Հունիսի 1-ից 3-ը ՀՀ կառավարության հովանու ներքո Երեւանում տեղի կունենա ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նիստը։

Նիստին կմասնակցեն ավելի քան 90 պատվիրակներ, որոնց թվում են՝ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավարը, զբոսաշրջության ոլորտի միջազգային խոսնակներ, ինչպես նաեւ ՄԱԿ ԶՀԿ Եվրոպայի տարածաշրջանի շուրջ 40 անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ, պաշտոնյաներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

ՄԱԿ ԶՀԿ գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին կժամանի Երեւան՝ մասնակցելու նիստին եւ պաշտոնական հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, ՀՀ ԱԳ նախարարի եւ  այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նիստի շրջանակում հունիսի 3-ին նախատեսվում է նաեւ համաժողովի կազմակերպում «Զբոսաշրջություն եւ գյուղական զարգացում․ ինչպես են տեղական փորձառությունները ձեւավորում ու արժեւորում զբոսաշրջային վայրը» թեմայով, որին, ի թիվս Եվրոպայի տարածաշրջանի անդամ պետությունների ներկայացուցիչների, մասնակցելու են նաեւ Հայաստանի պետական եւ մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։   

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեում նշել են, որ նիստը Եվրոպայի անդամ պետությունների համար հնարավորություն է միասին քննարկելու զբոսաշրջության ներկա իրավիճակը, ոլորտի մարտահրավերները եւ համատեղ գործողությունների իրականացումը, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջությունը ավելի կայուն, վստահելի ոլորտի վերածելու համար:

«Նիստի անցկացումը Հայաստանում կնպաստի երկրի՝ որպես զբոսաշրջային դեստինացիայի իմիջի ու ճանաչելիության բարձրացմանը, մասնավորապես՝ Եվրոպայի տարածաշրջանում Հայաստանի դիրքերի ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ ԶՀԿ-ն եւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), համագործակցելով ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ, իրականացնելու են վարպետության դաս Բասկերի խոհարարական կենտրոնի հետ համատեղ ՝ ներկայացնելով այն ուղիները, որոնցով զբոսաշրջությունը կարող է նպաստել գյուղական շրջանների եւ համայնքների զարգացմանը ետհամաճարակային շրջանում:

Նիստի ընթացքում  լայն հնարավորություն կընձեռվի  Հայաստանի համար թիրախային շուկա հանդիսացող ՄԱԿ ԶՀԿ անդամ Եվրոպական երկրների ոլորտի պատասխանատուների հետ քննարկելու զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաեւ՝ համագործակցության նոր հնարավորություններ։  

Զբոսաշրջությունը տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է եւ Հայաստանի տնտեսության առաջնահերթ ոլորտն է։ 2018 թվականին ոլորտը համաշխարհային տնտեսության մեջ ներդրել է 8,8 տրիլիոն դոլար եւ այն կազմել է ՀՆԱ-ի 10,4%-ը։

«Զբոսաշրջության ոլորտի ներդրումները Հայաստանի ՀՆԱ-ում 2018 թվականին կազմել են 14,1%՝ մոտ 1,8 մլրդ դոլար։ Մինչեւ COVID-19 համաճարակը Հայաստանը հայտնվել էր միջազգային ինդեքսներում եւ ազդեցիկ լրատվականների էջերում՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն։ Մասնավորապես, 2019թ․-ին Հայաստանը 5 կետով բարելավել էր իր վարկանիշը Համաշխարհային տնտեսական ֆորումի ճանապարհորդության եւ զբոսաշրջության մրցունակության ինդեքսում՝ 2017 թվականի համեմատ ։ Հայաստանի զբոսաշրջության ոլորտը վերջին 5 տարիներին զգալի աճ է գրանցել՝ ներգնա զբոսաշրջիկների միջին տարեկան աճը կազմել է մոտ 9%»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՄԱԿ ԶՀԿ-ի Եվրոպայի հանձնաժողովի 67-րդ նիստի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ այս հղումով։
Դիտում՝ 15596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW