Մինչեւ տարեվերջ Եվրամիությունը կհրաժարվի ռուսաստանյան նավթի մոտ 90%-ից

31.05.2022 | 09:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրամիություն #ռուսաստանյան նավթ #էմբարգո
Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը (ԵՄ) համաձայնության է եկել ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի շուրջ, Twitter-ում հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Դա անհապաղ ընդգրկում է Ռուսաստանից նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդը, ինչը կրճատում է ֆինանսավորման հսկայական աղբյուրը»,- գրել է Միշելը: RBC-ի փոխանցմամբ՝ ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ նա պարզաբանել է, որ արգելքը չի վերաբերի խողովակաշարերով նավթի մատակարարումներին։

Իր հերթին, Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Twitter-ում գրել է, որ ողջունում է նավթի էմբարգոյի վերաբերյալ որոշումը, որի շնորհիվ Ռուսաստանից դեպի ԵՄ նավթի ներմուծումը մինչեւ տարեվերջ կնվազի մոտ 90%-ով։

Նա նաեւ տեղեկացրել է, որ միության անդամները «համաձայնել են որքան հնարավոր է շուտ դադարեցնել կախվածությունը ռուսաստանյան գազից, նավթից եւ ածուխից»։ Ֆոն դեր Լեյենը նշել է, որ այս նպատակին հասնելու ծրագիրը՝ REpowerEU-ն, կներառի չորս կետ.

- էներգիայի պահպանում,
- ռուսաստանյան հանածո վառելիքից հրաժարում,
- խոշոր ներդրումներ վերականգնվող էներգիայի աղբյուրներում,
- €300 միլիարդի ֆինանսավորում, որի մեծ մասը կուղղվի Վերականգնման եւ փրկության հիմնադրամին (RRF):

Մամուլի ասուլիսի ժամանակ ԵՀ ղեկավարը մանրամասնել է, որ Եվրամիությունը հումքի մեկ երրորդը ստանում էր նավթամուղերով, մինչդեռ Լեհաստանն ու Գերմանիան որոշել են հրաժարվել ռուսաստանյան նավթի առաքումների ցանկացած ուղիներից, ուստի մինչեւ տարեվերջ այն Եվրամիությանը կմատակարարվի միայն «Բարեկամություն» («Дружба») նավթամուղով, որին բաժին է ընկնում Ռուսաստանից ԵՄ-ի կողմից գնվող նավթի ընդհանուր ծավալի 10%-ը։

Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, Twitter-ում մեկնաբանելով էմբարգոյի հաստատումը, նշել է, որ Մոսկվան կկարողանա նավթի նոր գնորդներ գտնել։
Դիտում՝ 6819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW