Մինչ արեւմտյան կոշտ պատժամիջոցների սահմանումը՝ 2018-2021 թվականներին, ռուբլու փոխարժեքն արհեստականորեն իջեցված էր՝ պայմանավորված բյուջեի կանոնով (այն կասեցվել է 2022 թվականին, ՌԴ Ֆինանսների նախարարությունում նոր կանոններ են մշակվում)։ Ռուբլու ներկայիս ամրապնդումը դրական է ներքին գները զսպելու համար, սակայն բացասաբար է անդրադառնում բյուջետային համակարգի եկամուտների եւ արտահանողների ծախսերի, ինչպես նաեւ ներքին եւ արտաքին շուկաներում ռուսաստանյան արտադրողների մրցունակության վրա։RBC-ի փոխանցմամբ՝ նման կարծիք են հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի ժողովրդատնտեսական կանխատեսման ինստիտուտի եռամսյակային կանխատեսման վերջին հրապարակման հեղինակները։ Անհավասարակշռությունը շտկելու համար «պահանջվում է գտնել փոխարժեքի հավասարակշիռ արժեքները՝ հաշվի առնելով առկա բոլոր հանգամանքները»։ Տնտեսագետների կարծիքով՝ այժմ ոսկե միջինը մեկ դոլարի դիմաց 60-65 ռուբլու միջակայքում է։Փոխարժեքի հավասարակշռության պարամետրերը պետք է որոշվեն մի քանի գործոններով՝ բյուջեի դեֆիցիտով, կապիտալի արտահոսքով եւ առեւտրային հաշվեկշռի մակարդակով, նշում են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փորձագետները։ Վերջին տարրում՝ առեւտրային հաշվեկշռում, այժմ նկատվում է զգալի շեղում դեպի դրական սալդո։ ԿԲ-ի եւ Ֆինանսների նախարարության կողմից պահուստային արժույթների օգտագործման նկատմամբ սահմանափակումների ներքո ներմուծման նվազման պատճառով ներքին արժութային շուկայում առաջանում է առաջարկի ավելցուկ, ինչը հանգեցնում է ռուբլու ամրապնդմանը։ Իսկ բյուջետային կանոնն այլեւս չի կարող զսպող գործոն լինել ռուբլու փոխարժեքի համար։ «Այս առումով որոշակի տարակուսանք են առաջացնում ռուբլու ընթացիկ փոխարժեքի արհեստական լինելու մասին թեզերը։ Ավելի շուտ, 2018-2021 թվականներին բյուջեի կանոնի գործողության պատճառով փոխարժեքն արհեստականորեն իջեցված է եղել»,- կարծում են զեկույցի հեղինակները։Այն, որ ռուբլու փոխարժեքն անբնականորեն բարձրացված է եւ չի արտացոլում իրական գնողունակությունը, ապրիլի վերջին հայտարարել էին արեւմտյան փորձագետները։ Փոխարժեքի ձեւավորման վրա ազդում են, այդ թվում՝ արժութային սահմանափակումները, որոնք կիրառվել են Կենտրոնական բանկի կողմից՝ ի պատասխան արեւմտյան պատժամիջոցների․ ներկայումս այդ սահմանափակումները մեղմացվել են։Տնտեսական տեսության մեջ կան հավասարակշիռ փոխարժեքի տարբեր մոդելներ, որոնք հաշվի են առնում հիմնարար փոփոխականները (արտահանում/ներմուծում, վճարային հաշվեկշիռ եւ այլն)։ Գիտական աշխատություններից մեկում հավասարակշիռ փոխարժեքը բնութագրվել է որպես փոխարժեք, որը հավասարակշռում է արժույթի առաջարկն ու պահանջարկը կառավարության միջամտության բացակայության պարագայում: Այն, որ Ռուսաստանը պետք է վերադառնա ռուբլու հավասարակշիռ փոխարժեքին, որը նախկինում էր, հայտարարել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը։ «Չգիտես ինչու, համարվում է, որ ռուբլու ամրապնդումը լավ է, թուլացումը՝ վատ։ Իրականում երկու դեպքում էլ վատ է: Ռուբլին պետք է լինի որոշակի ողջամիտ սահմաններում»,- մայիսի 27-ին ասել էր նա՝ չներկայացնելով շուկայական օպտիմալ փոխարժեքի թվային գնահատականները։Ռեշետնիկովի փոխանցմամբ՝ «ողջամիտ հավասարակշռությանը» նպաստել է Կենտրոնական բանկի որոշումը՝ արտահերթ իջեցնել հիմնական տոկոսադրույքը 14-ից մինչեւ 11%: Կենտրոնական բանկի տնօրենների խորհրդի նիստից հետո ռուբլին գրեթե չորս տարվա առավելագույնից՝ մեկ դոլարի դիմաց 57 ռուբլուց, իջավ մինչեւ 67 ռուբլու (մայիսի 27-ի երեկոյի դրությամբ)։Ռուբլու թուլացումը ներառվել է նաեւ Տնտեսական զարգացման նախարարության միջին տարեկան փոխարժեքի կանխատեսման մեջ։ 2022 թվականի վերջին այն կկազմի 76,7 ռուբլի մեկ դոլարի դիմաց՝ անվանական թուլացմամբ առաջիկա երեք տարում մինչեւ 77 ռուբլի, 78,7 ռուբլի եւ 81 ռուբլի համապատասխանաբար: Tweet Դիտում՝ 5135