ՀայՓոստը մասնակցում է ՓոստԵվրոպայի կողմից հայտարարված «Պատմություններ եւ առասպելներ» թեմայով նամականիշերի «Եվրոպա» ամենամյա մրցույթին: Հայաստանն այս տարի ներկայացնում է Աստղիկ աստվածուհու պատկերով փոստային նամականիշը։Ըստ հայկական դիցաբանության՝ Աստղիկը սիրո, գեղեցկության եւ ջրի աստվածուհին էր: Հայկական առասպելի համաձայն՝ արտասովոր գեղեցկությամբ օժտված Աստղիկը ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստվածուհու գեղեցկությամբ հիանալու համար երիտասարդները խարույկ էին վառում Տարոնի շրջանի Դաղոնաց լեռան վրա։ Սակայն Աստղիկը ամեն գիշեր մշուշով պատում էր Տարոնի հովիտը, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանար տեսնել։ Նամականիշի դիզայնի հեղինակն է «Ինդիգո Բրենդինգ» գործակալությունը:Քվեարկել կարող եք մինչեւ 2022 թ. սեպտեմբերի 9-ը, այս հղումով։ Քվեարկելու համար անհրաժեշտ է՝ 1․ Էջը բացելով՝ լրացնել Ձեր տվյալները (դիմելաձեւ, ազգանուն, էլեկտրոնային փոստի հասցե եւ երկիր),2․ Ընտրել Հայաստանի նամականիշը, 3․ Սեղմել «Vote» կոճակը (էջի ստորին աջ անկյունում):Կատարի՛ր քո ներդրումը Հայաստանի հաղթանակի օգտին, հորդորել են ՀայՓոստ ընկերությունում։ Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «Եվրոպա» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակում: «Եվրոպա» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջեւ համագործակցությունը:ՀայՓոստում հիշեցրել են, որ 2019թ. ամենամյա «Եվրոպա» մրցույթում Հայաստանի կողմից ներկայացված գյուղական ծիծեռնակի պատկերով նամականիշը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2020թ. Գյումրին պատկերող նամականիշը՝ երկրորդ հորիզոնականը: Tweet Դիտում՝ 41839