Երեւան /Մեդիամաքս/. Բարձր տեխնոլոգիաների DigiTec 2008 չորրորդ ամենամյա## ցուցահանդեսին, որը կկայանա Երեւանում հոկտեմբերի 3-5-ը, կմասնակցեն տեղական եւ արտասահմանյան 50 ընկերություններ, այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տեղեկացրել է Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:Ցուցահանդեսի գլխավոր կազմակերպիչը Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների միությունն է` “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչությունն է: “Տարեցտարի ցուցահանդեսում տեղի են ունենում որակական փոփոխություններ, եւ դրանց արդեն մասնակցում են ոչ թե համակարգիչների վաճառքով զբաղվող կազմակերպությունները, այլ այս կամ այն լուծումներն առաջարկող ընկերություններ”,- ասել է Կարեն Վարդանյանը: Ինչպես եւ նախորդ տարի, այս ցուցահանդեսի շրջանակներում կկայանա “DigiTec-էլեկտրոնային կառավարում” ֆորումը, որի ընթացքում մի շարք նախարարություններ կներկայացնեն իրենց ծառայությունները: Բացի այդ, Հայաստանի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի աջակցությամբ կկայանա “DigiTec-գործարար որոշումներ” նորարարական ֆորումը, որի ընթացքում ներդրողներ ներգրավելու նպատակով նոր ընկերություններ կներկայացվեն: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն նաեւ մի քանի DigiLife սեմինարներ, որոնց ընթացքում մի շարք ընկերություններ կներկայացնեն իրենց նորարարական լուծումները, ասել է Կարեն Վարդանյանը: Microsoft-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը նշել է, որ DigiTec-ը պետության, մասնավոր բիզնեսի եւ խոշոր միջազգային ընկերությունների համագործակցության հաջող օրինակ է` շեշտելով, որ ցուցահանդեսը դառնում է տարածաշրջանային խոշորագույն միջոցառումներից մեկը: “Հայաստանյան ՏՏ ընկերությունների արտադրանքը օգտագործվում է զարգացած բազում երկրներում, եւ ցուցահանդեսը հիանալի առիթ կդառնա, որպեսզի հայ հասարակությանը ցույց տրվի, թե ՏՏ-ն Հայաստանում որքան կարող է փոխել կյանքը, բիզնեսն ու կառավարման համակարգերը”,- ասել է Գրիգոր Բարսեղյանը: Tweet Դիտում՝ 5203