Ամերիաբանկն արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

25.05.2022 | 15:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Global Finance #Արտակ Հանեսյան
Global Finance ամսագիրը հայտարարել է կայուն ֆինանսավորման ոլորտում արդեն երկրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանում «Կայուն ֆինանսավորման գծով 2022թ. լավագույն բանկ»` դառնալով տարածաշրջանի առաջին բանկը, որն արժանանում է այս մրցանակին:  

Մրցանակը շնորհվում է կայուն ֆինանսավորման ոլորտում համաշխարհային, տարածաշրջանային եւ տեղական առաջատար ընկերություններին, որոնք ֆինանսավորում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանն ուղղված նախաձեռնություններ` նպաստելով առավել կայուն ապագայի ստեղծմանը:    

Հաղթողներն ընտրվում են Global Finance ամսագրի խմբագիրների կողմից ստացված հայտերի եւ իրականացված անկախ հետազոտության արդյունքների հիման վրա: Գնահատման չափանիշները ներառում են կառավարման քաղաքականություններն ու նպատակները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ սոցիալական ծրագրերի կայուն ֆինանսավորման ոլորտում գրանցված չափելի ձեռքբերումները:
 
«Համաճարակը եւ էներգետիկ ոլորտի խափանումները բարձրացրել են կլիմայի փոփոխության ռիսկերի մասին իրազեկվածության մակարդակը, իսկ տեխնոլոգիական նորարարությունները վնասը նվազեցնելու եւ կայուն ապագա կառուցելու համար նոր հնարավորություններ են ընձեռում եւ նոր լուծումներ են առաջարկում:  Global Finance ամսագրի կողմից կայուն ֆինանսավորման ոլորտում շնորհվող մրցանակների միջոցով գնահատական է տրվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք աչքի են ընկնում նշված ոլորտում պահանջվող բոլոր նախաձեռնությունների բավարար ֆինանսավորմանն ուղղված ջանքերով եւ նշված երկարաժամկետ խնդիրների լուծման ստեղծարար առաջարկներով»,- նշել է Global Finance ամսագրի գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն:

«Ամերիաբանկի հեռանկարային ռազմավարության հիմքում կայուն զարգացման սկզբունքն է: Մենք շարունակաբար նոր հնարավորություններ ենք փնտրում եւ ներգրավում ենք միջազգային գործընկերների կայուն ֆինանսավորման մեր պորտֆելն ընդլայնելու համար: Կայուն ֆինանսավորման ոլորտում մենք առաջնորդվում ենք գլոբալ բնապահպանական խնդիրներով եւ կլիմայի փոփոխության ռիսկերով: Մենք պատասխանատու ենք նշված խնդիրների լուծման գործընթացում մեր լուման ներդնելու համար: Global Finance ամսագրի կողմից շնորհված մրցանակը շատ մոտիվացնող է: Այն մեզ պարտավորեցնում է առավել շատ ջանքեր գործադրել պատասխանատու բիզնես վարելու եւ Հայաստանի կայուն ապագան կերտելու ուղղությամբ»,- ընդգծել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:   
 
«Մեր երկարաժամկետ պարտավորությունն է ստեղծել կայուն միջավայր եւ աջակցել մեր հաճախորդներին չեզոք ածխածնային տնտեսությանն անցնելու գործում: Ամերիաբանկը մշակել է Կանաչ պարտատոմսերի հայեցակարգ (GBF), որը համահունչ է Կապիտալի շուկայի միջազգային ասոցիացիայի (ICMA*) Կանաչ պարտատոմսերի ներկայիս սկզբունքներին եւ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին (SDGs) »,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:    

2009 թվականից ի վեր Ամերիաբանկը էներգախնայողության ու էներգաարդյունավետության ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 225 մլն ԱՄՆ դոլար տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների եւ ազդեցիկ ներդրողների աջակցությամբ:

2020թ. Ամերիաբանկը դարձավ կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկը Հայաստանում եւ նախատեսում է ընդլայնել նշված գործունեությունը` դառնալով կանաչ պարտատոմսերի թողարկման գծով տարածաշրջանի առաջատարը:
Դիտում՝ 23290
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW