ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն մայիսի 20-ին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը։ Ինչպես տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, նոր բրենդը մարմնավորում է Հայաստանի հնագույն ժառանգությունը, անապակ բնությունը եւ ժայռոտ բնապատկերները, ինչպես նաեւ երկրի հյուրընկալությունը, հարուստ խոհանոցային մշակույթը եւ այդ ամենի հասանելիությունը այցելուների համար։ Բրենդի նոր կարգախոսն է՝ «Armenia, The Hidden Track» («Հայաստան. թաքնված ուղի») եւ հարուստ տեսողական ինքնությունն ընդգծում են Հայաստանի տարբերվող բնավորությունը՝ որպես չբացահայտված գոհար, որն իր դրական էներգիայով զբոսաշրջիկներին հարազատ փորձառություն է տալիս՝ առավել հայտնի զբոսաշրջային արահետներից անդին։«Զբոսաշրջության բրենդն ավելին է, քան պարզապես տարբերանշան․ այն երկրի յուրահատուկ դիմագիծը, կերպը, եթե կուզեք՝ ԴՆԹ-ն արտացոլող միջոց է, որը մարդկանց տպավորում է զգայական մակարդակում։ Հայաստանի զբոսաշրջային բրենդը պետք է մեր երկրի այցելուներին փոխանցի անկրկնելի եւ անմոռանալի զգացումների ակնկալիք, պատկետացում տա մեր երկրի եւ ազգի առաքելության, մշակույթի, ավանդույթների, անցյալի, ներկայի, նաեւ ապագայի ձգտումների մասին»,- ասել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութուն «Հայաստանն ունի ուշագրավ զբոսաշրջային ներուժ՝ իր եզակի, բայց հիմնականում անհայտ եւ չուսումնասիրված մշակութային եւ բնական ռեսուրսներով, ինչպես նաեւ խոհանոցային եւ արկածային փորձառություններով։ Ծրագրի նպատակն էր սահմանել եւ ստեղծել Հայաստանի՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղության բրենդավորումը, եւ ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային թիրախային շուկաներում»,- իր հերթին ասել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պօղոսեանը։ Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութուն Հայաստանի զբոսաշրջային նոր բրենդը ստեղծվել է երեւանյան ԱՀԱ կոլեկտիվ ստեղծարար ստուդիայի կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի շրջանակում, որին աջակցում է Եվրոպական միությունը եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը։«Հատուկ այս նախագծի համար թիրախային խմբերի ներգրավվածությամբ ուսումնասիրություններ են իրականացվել, որոնք կառուցված էին երկու հիմնասյան վրա` երկրի ընկալումն ու փորձառությունը։ Այդ ուսումնասիրություններից դուրս են բերվել հիմնական պատկերացումներն այն մասին, թե ինչպես է թիրախային լսարանը ընկալում Հայաստանը եւ ապրում հայկական զբոսաշրջային փորձը: Համագործակցելով Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ ԱՀԱ կոլեկտիվի թիմը մշակել է եզակի բրենդ՝ երկրի մրցակցային առավելությունների խթանումը վերածելով մրցակցային ինքնության՝ դարձնելով Հայաստանը տարբերվող եւ ուրույն զբոսաշրջային ուղղություն։Բրենդը ներառում է Հայաստանի ԴՆԹ-ն՝ ընդգրկելով ինչպես այցելուների, այնպես էլ տեղացիների իրական պատկերացումներն ու փորձառությունները: Հայաստանը առանձնահատուկ կերպով ընկալվում է որպես ձգող ու առատաձեռն երկիր։ Երկիր, որը պատմական ու մշակութային թաքնված գոհար է, երկիր, որն առաջարկում է անսահման ջերմություն ու հյուրընկալություն, որն առաջացնում է զարմանալի հույզեր եւ հարազատության անկեղծ զգացում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութուն «Շատ ուրախ ենք աջակցելու Հայաստանին՝ միջազգային զբոսաշրջային շուկայում ներկայանալու գործում։ Իրապես, այս չքնաղ երկիրը դեռ մեծապես պետք է բացահայտվի, եւ մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հաջողություններին՝ այս գեղեցիկ բրենդի ներքո»,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։«The Hidden Track» անգլերեն կարգախոսի առաջնային նշանակությունն է «դեռեւս չբացահայտված ուղություն», իսկ երկրորդականն առնչվում է երաժշտական ոլորտին։ Նախկինում շատ ձայնագրություններում կարելի էր հայտնաբերել երգացանկում նախօրոք չնշված մի կատարում, որն ամբողջացնում էր ունկնդրման փորձառությունը։ Այս արտահայտությունն (The Hidden Track) ակնարկում է զարմանքն ու անակնկալ հիացմունքը, որն այցելուն զգում է Հայաստան ճամփորդելիս։«Մեր նախագծի գլխավոր նպատակներից մեկն է ապահովել զբոսաշրջության ոլորտի երկարաժամկետ զարգացումը եւ այս առումով մենք շատ ուրախ ենք, որ աջակցում ենք ոչ միայն Հայաստանի մասնավոր ոլորտին, այլեւ ինստիտուցիոնալ մակարդակում։ Ես շնորհավորում եմ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեին երկրի զբոսաշրջային նոր բրենդի ստեղծման կապակցությամբ եւ անհամբեր սպասում եմ, թե երբ այն կօգտագործվի աշխարհի տարբեր ծայրերում՝ զանազան ցուցահանդեսների եւ միջոցառումների ժամանակ»,- ասել է ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն։«Հայաստանի`արմատների պես խոր պատմությունն ու մշակույթը առաջարկում են բազմաշերտ բացահայտումներ ցանկացած տարիքի այցելուների համար: Երկիրը հարուստ է խոհանոցային եւ արկածային փորձառություններով եւ արահետներով, որոնք այցելուներին ներգրավում են ընկերական, համարձակ եւ եռանդուն ճամփորդությունների մեջ։ Տեսողական տարրերի միջոցով բրենդը փոխանցում է նմանատիպ զգացողություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Լուսանկարը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութուն «Ներկայացվող բրենդը մշակվել է որպես օրգանական եւ մշտապես զարգացող համակարգ։ Բրենդի տեսողական ինքնությունն իրենից ներկայացնում է ներքաշող ձայնային ալիքների միջավայր, որոնք կարծես արտացոլում են Հայաստանի լեռնային բնապատկերները։ Ձեւավորված համակարգը հիմնված է կառուցվածքային, բայց ճկուն հիմնարար տարրերի վրա, որոնց թվում են բառանշանը, նորաստեղծ տառատեսակը, որից բխում է ներառական նկարազարդումների համարգ, տաք եւ վառ գունապնակը։ Տեսողական համակարգի բազմակողմանիությունը առաջարկում է անսահման ստեղծագործական հնարավորություններ եւ թույլ է տալիս ինքնությանը հասունանալու ժամանակի հետ մեկտեղ, որպեսզի միշտ լինի տարբեր, թարմ եւ եզակի՝ իր բոլոր դրսեւորումներում։ Նման մոտեցմամբ նախագծված բրենդը ներգրավում է դիտողին ավելի ներքաշող եւ դինամիկ տեսողական փնտրտուքների մեջ՝ Հայաստանը բացահայտելիս»,- պարզաբանել է ԱՀԱ կոլեկտիվի տնօրեն Նաիրի Խաչատուրյանը։Նախարարությունում նշել են, որ միջոցառման գագաթնակետը բրենդի հռչակագրի եզակի անիմացիոն ներկայացումն էր, որը մշակված է որպես նամակ՝ Հայաստանի կողմից ուղղված աշխարհին՝ երկիր այցելելու հրավերով։ Հռչակագիրը այցելուին կապում է բրենդի հետ իր հաղորդակցման ոճի եւ տեսողական տարրերի միջոցով՝ հստակորեն ընդգծելով բրենդի տեսլականը՝ «Հայաստանը դարձնել շարունակական բացահայտում»։«Մեկնարկի ժամանակ Picsart-ի Efekt Video Maker-ի կողմից ստեղծված ինտերակտիվ թվային ինստալացիան թույլ տվեց հանդիսատեսին խորասուզվել բրենդի տեսողական ինքնության մեջ»,- եզրափակել են նախարարությունում: Tweet Դիտում՝ 3960