ՀՀ նախագահը կմասնակցի Դավոսի տնտեսական համաժողովի աշխատանքին

22.05.2022 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահագն Խաչատուրյան #Դավոս #համաժողով
Շվեյցարական Դավոս քաղաքում այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը (WEF). կորոնավիրուսային համավարակի պատճառով WEF տարեկան հանդիպումը 2020 թվականի հունվարից առկա ռեժիմում չի անցկացվել։

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում տեղեկացրել են, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսված են նախագահի մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կառույցների եւ բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Prime գործակալության փոխանցմամբ՝ այս տարի Դավոսի համաժողովին կմասնակցի ավելի քան 2000 մարդ, այդ թվում՝ 50 պետությունների ղեկավարներ։ Ակնկալվում է, որ համաժողովին ներկա կգտնվեն Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, Լեհաստանի առաջնորդ Անջեյ Դուդան, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավար Ջանի Ինֆանտինոն, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Ռուսաստանի ներկայացուցիչներն այս տարի համաժողովին չեն հրավիրվել․ WEF-ը դադարեցրել է շփումներն այն անձանց հետ, ովքեր պատժամիջոցների տակ են հայտնվել ուկրաինական իրադարձությունների պատճառով եւ սառեցրել է հարաբերությունները ռուսաստանյան կազմակերպությունների հետ։

Չինաստանը պաշտոնական պատվիրակություն չի գործուղել Դավոս եւ ներկայացված կլինի միայն կլիմայի հարցերով Չինաստանի հատուկ ներկայացուցչի մակարդակով։

Այս տարի ԱՄՆ պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի՝ կլիմայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին, ԱՄՆ առեւտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, ինչպես նաեւ մի շարք սենատորներ եւ կոնգրեսականներ։

WEF-ի մայիսյան հանդիպման օրակարգն է «Պատմությունը շրջադարձային պահին. պետական քաղաքականություն եւ բիզնես ռազմավարություններ»: Այս համատեքստում Դավոսի համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ միգրացիայի եւ պարենային անվտանգության խնդիրները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաժողովում ելույթ կունենա տեսակապի միջոցով, իսկ անձամբ Դավոս կայցելեն Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, Ազգային բանկի նախագահ Կիրիլ Շեւչենկոն, Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն եւ Գերագույն Ռադայի մի խումբ պատգամավորներ։

WEF-ի հիմնադիր Կլաուս Շվաբի խոսքով՝ մայիսյան հանդիպումը Դավոսում առաջին համաժողովն է, որտեղ համաշխարհային առաջնորդները կհանդիպեն նոր իրավիճակում, որը բնութագրվում է ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհով՝ կորոնավիրուսային համավարակի եւ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։

Դավոսի համաժողովի առաջնահերթ խնդիրներից են նաեւ գլոբալ եւ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը, անցումը «կանաչ» տնտեսության, նորարարությունները տարբեր ոլորտներում եւ կիբեռանվտանգությունը։
Դիտում՝ 7027
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW