ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում մայիսի 20-ին տեղի է ունեցել Հայաստան-Իրաքյան Քուրդիստան գործարար համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի եւ Իրաքյան Քուրդիստանի շուրջ 200 գործարարներ։Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագործակցությամբ։«Այսպիսի հանդիպումները ոչ միայն առեւտրատնտեսական հարաբերությունները խթանելու հարթակ են, այլեւ կարեւոր միջոց երկու երկրների տնտեսական զարգացման հիմքում դրված արժեքներն ու սկզբունքները ներկայացնելու առումով։ Վստահ եմ, որ այսօրվա համաժողովը կնպաստի բիզնես համայնքների ներկայացուցիչների միջեւ նոր անմիջական շփումների հաստատմանը եւ հեռանկարային փոխշահավետ նախագծերի եւ համատեղ լուծումների քննարկմանը»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նախարարի խոսքով՝ այսօր Հայաստանում փոխվում է տնտեսության կառավարման ձեւը՝ դարձնելով Հայաստանի տնտեսությունն առավել ճկուն, ունակ արագ արձագանքելու աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին։ Վայան Քերոբյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում 2021 թվականի վերջի դրությամբ գրանցված է իրաքյան կապիտալի մասնակցությամբ 88 ձեռնարկություն, ՀՀ առեւրաշրջանառությունը Իրաքի հետ 2021 թվականին կազմել է $182 միլիոն, իսկ 2022 թվականի հունվար-մարտ ամիսներին՝ $51․64 միլիոն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է երկու անգամ։ Նախարարն ընդգծել է, որ Մերձավոր Արեւելքում առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է եւ Հայաստանը շահագրգռված է Իրաքյան Քրդստանի հետ լայն համագործակցության հաստատումով եւ խորացումով։ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման եւ ներմուծման միության նախագահ Մուստաֆա Աբդուրրահման Աբդուլլահը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ակտիվ համագործակցություն կձեւավորվի տնտեսական, առեւտրական եւ ներդրումային ծրագրերի իրականացման առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն իր հերթին ասել է, որ Հայաստանն այսօր գրավիչ երկիր է գործարար միջավայրի տեսանկյունից. երկրում իրականացվում է «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե որեւէ սահմանափակում ներդրումային գործունեության նկատմամբ, ամբողջությամբ պաշտպանելով եւ երաշխավորելով ներդրումները օրենքով: Ավելին՝ արդեն իսկ ստեղծվել է արտահանման ներուժ ունեցող ոլորտներում ներդրումները խթանելու գործուն համակարգ, որը Հայաստանը դարձնում է էլ ավելի գրավիչ գործարար եւ ներդրումային գործունեություն ծավալելու տեսանկյունից:Համաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Իրաքի Քրդական տարածաշրջանի արտահանման եւ ներմուծման միության միջեւ Համագործակցության հուշագիր։Enterprise Armenia «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը հյուրերին ներկայացրել է շնորհանդես Հայաստանի ներդրումային միջավայրի եւ ներդրումային հնարավորությունների վերաբերյալ։ Միջոցառման շրջանակում կայացել են B2B ձեւաչափով հանդիպումներ։ Իրաքյան Քուրդիստանից Հայաստան ժամանած գործարարները հետաքրքրություն են հայտնել համագործակցել հայ գործընկերների հետ մասնավորապես գյուղատնտեսության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, զբոսաշրջության եւ առեւտրի (առեւտրային ցանցեր) ոլորտներում։ Tweet Դիտում՝ 4458