Վիգեն Առուշանյան. Կրիպտո ոլորտը բավականին արագ է մոնետիզացվում

21.05.2022 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վիգեն Առուշանյան #nooor #Itel.am
2021 թվականին Հայաստանի կրիպտո ոլորտում գործող ընկերությունների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ գրանցելով 91%-ոց աճ։ Չնայած նրան, որ ընկերությունները ֆիզիկապես գտնվում են Հայաստանում, դրանց մեծ մասը հաջողությամբ գործում է գլոբալ շուկայում:

nooor ընկերությունը հրապարակել է Հայաստանի կրիպտո ոլորտը ներկայացնող զեկույց՝ 2021 թվականի դեկտեմբերից 2022-ի փետրվար ամիսներին անցկացրած հարցումների հիման վրա։

Ընկերության հիմնադիր Վիգեն Առուշանյանը Մեդիամաքս մեդիա ընկերության Itel.am նախագծին պատմել է ստացված արդյունքների ու կրիպտո ոլորտի բացերի, մարտահրավերների ու միտումների մասին։

Նրա փոխանցմամբ՝ ոլորտը բավականին արագ է մոնետիզացվում ի տարբերություն ավանդական ճանապարհից, երբ տարիներով կառուցում ու մշակում են պրոդուկտը, հսկայական գումարներ ծախսում, որ տեխնոլոգիան զարգացնեն, հետո գտնեն հաճախորդներ։

«Գումարը բավականին արագ է հետ գալիս, որովհետեւ հաճախորդների քանակը ավելի շատ է, քան որակյալ պրոդուկտները։

Ընկերությունների մեծ մասն առանց արտաքին կապիտալի են ստեղծվել ու կայացել։ Արդեն կայացած ու գոյություն ունեցող ընկերությունները վերապրոֆիլավորվել են կամ նոր պրոդուկտ են ստեղծել այս դաշտի համար ու կարողացել են սեփական ուժերով զարգանալ։ Կամ էլ հիմնադիրները մարդիկ են, ովքեր սեփական միջոցների հաշվին են դա արել»,- նշել է Վիգեն Առուշանյանը։

Ըստ զեկույցի՝ հայկական ընկերությունների կեսից ավելին հաճախորդներ ունեն Եվրոպայում (26%) կամ Միացյալ Նահանգներում (26%): 24%-ն ունի լայն գլոբալ թիրախավորում առանց առանձնահատուկ շրջանների միջեւ տարբերակման:

6%-ը թիրախավորել է Ասիայի հաճախորդներին։ Ընկերությունների միայն 9%-ն է կենտրոնանում Մերձավոր Արեւելքի վրա, որտեղ հիմնական շուկան Արաբական Միացյալ Էմիրություններն են:

Ընկերությունների մեծ մասն աշխատում է կորպորատիվ հաճախորդների հետ: 65%-ը B2B ծառայություններ է մատուցում, բայց հետաքրքիրն այն է, որ վերջին տարում ավելի շատ հենց B2C մոդելով աշխատող ընկերությունների աճ է գրանցվել։

«Մեր կրիպտո համայնքը փոքր է, բայց լուրջ խնդիրներ է լուծում։ Ընդհանրապես կրիպտոաշխարհը սահմաններ չի ճանաչում։ Եթե դիտարկենք գլոբալ մեծ ընկերություններն ու հայկական համայնքը, կարող եմ ասել, որ մենք լավ դիրքերում ենք»,- ընդգծել է Առուշանյանը։

Վիգեն Առուշանյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով։
Դիտում՝ 4185
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW