ՌԴ ԿԲ ներկայացուցիչը նկարագրել է Ռուսաստանի «որոգայթներով լի» ճանապարհը

21.05.2022 | 10:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՌԴ ԿԲ #Կիրիլ Տրեմասով
Ռուսաստանի տնտեսությունը կմոտենա 1990-ականների դարաշրջանին, երբ ռուսաստանյան ընկերությունները ժամանակի ընթացքում կսկսեն վերադառնալ համաշխարհային տնտեսություն, սակայն տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած կլինեն եւ չեն կարողանա մրցակցել օտարերկրյա խաղացողների հետ, կարծում է ՌԴ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Տրեմասովը։

«Ռուսաստանյան ընկերությունների համար ամենամեծ խնդիրները կարող են առաջանալ նույնիսկ ոչ թե հիմա, երբ գործում են պատժամիջոցները, օտարերկրյա կապիտալը հեռանում է Ռուսաստանից, իսկ ՌԴ տնտեսությունն ինքնին «փակվում է», այլ ավելի ուշ, երբ այդ ընկերությունները կվերադառնան համաշխարհային տնտեսություն. դառնալով տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած՝ դրանք այլեւս չեն կարողանա մրցակցել արտասահմանյան ընկերությունների հետ, եւ տնտեսությունն ավելի շատ կնմանվի 1990-ականների դարաշրջանին»,- Տրեմասովի խոսքերն է մեջբերում Frank Media-ն:

Նա նշել է, որ այժմ շատերն են Ռուսաստանի տնտեսության ներկայիս իրավիճակը համեմատում 1990-ականների դարաշրջանի հետ։ «Կառուցվածքային վերակառուցման մասշտաբի առումով՝ այո։ Բայց այն ժամանակ մենք պարզունակ տնտեսությունից անցնում էինք ավելի բարդ տնտեսության, ներգրավվում էինք համաշխարհային մատակարարման շղթաներում, դա այդպիսի առաջընթաց էր: Հիմա որոշակի հետընթաց կլինի. մենք կդառնանք տեխնոլոգիապես ավելի քիչ զարգացած տնտեսություն»,- ասել է Կիրիլ Տրեմասովը Cbonds-ի կողմից կազմակերպված Investfunds Forum-ի ժամանակ։

«Բայց երբ սկսվի հակառակ գործընթացը, դա, իսկապես, խնդիր կստեղծի այն ընկերությունների համար, որոնք այժմ «պարզեցվում» են, եւ որոնց համար դժվար կլինի մրցակցել աշխարհի հետ, երբ տնտեսությունը սկսի բացվել»,- ավելացրել է նա: Եվ այս իրավիճակն ավելի մոտ կլինի 1990-ականներին, քան հիմա է, կարծում է նա։ «Հետեւաբար, մեր առաջ շարժվելու ճանապարհին շատ որոգայթներ կան: Եվ առաջիկա մի քանի տարիների համար ամենակարեւորը բիզնեսին լիակատար ազատություն տալն է»,- ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի դեպարտամենտի տնօրենը։
Դիտում՝ 7304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW