Հնդկաստանի ԿԲ. Կրիպտոարժույթը կարող է հանգեցնել երկրի տնտեսության «դոլարացման»

16.05.2022 | 14:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հնդկաստան #Պահուստային բանկ #կրիպտոարժույթ
Կրիպտոարժույթը կարող է հանգեցնել Հնդկաստանի տնտեսության մի մասի «դոլարացման», ինչը չի բխում երկրի ազգային շահերից, հայտարարել են Հնդկաստանի Պահուստային բանկի (ԿԲ) ղեկավարները Հնդկաստանի խորհրդարանի ֆինանսական մշտական հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Գրեթե բոլոր կրիպտոարժույթներն արտահայտված են դոլարով եւ թողարկվում են ֆիզիկական անձանց կողմից: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել մեր տնտեսության մի մասի անկայունության եւ «դոլարացման», ինչը կհակասի երկրի ազգային շահերին»,- Հնդկաստանի ԿԲ ղեկավարության կարծիքն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով The Economic Times թերթը։

«Կրիպտոարժույթների շրջանառությունը լրջորեն կխաթարի Կենտրոնական բանկի կարողությունը՝ որոշելու դրամավարկային քաղաքականությունը եւ կարգավորելու Հնդկաստանի արժութային քաղաքականությունը, քանի որ թվային արժույթը կարող է փոխարինել ռուփին ֆինանսական գործարքներում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում»,- ընդգծել են բանկի ներկայացուցիչները:

Ավելի վաղ Հնդկաստանի Պահուստային բանկը հայտարարել էր, որ կրիպտոարժույթները վտանգ են ներկայացնում երկրի ֆինանսական անկախության համար եւ ֆինանսական գործարքների տեսանկյունից անարդյունավետ եւ անվստահելի գործիք են։

Միաժամանակ, Հնդկաստանի կառավարությունը օրինագիծ է մշակում, որը նախատեսում է պաշտոնական թվային արժույթի ստեղծում 2023 թվականին եւ երկրում այլ կրիպտոարժույթների օգտագործման արգելք։ Այն նաեւ ենթադրում է թվային ակտիվներով առուվաճառք բորսայում միայն իշխանությունների թույլտվությամբ եւ կրիպտոարժույթների չարտոնված վաճառքի կամ պահպանման համար տուգանքների սահմանում: Ապրիլի 1-ից Հնդկաստանում սկսեց գործել մասնավոր սեփականատերերի կողմից կրիպտոարժույթի օգտագործումից եկամտի 30% հարկը։

Chainanalysis վերլուծական ընկերության տվյալներով՝ Հնդկաստանը կրիպտոարժույթներ օգտագործողների թվով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ այս ցուցանիշով զիջելով միայն Վիետնամին։ 2020 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հունիսը Հնդկաստանում կրիպտոարժույթների շուկան աճել է 641%-ով։ Երկրում թվային ակտիվներում ներդրումներն այս ընթացքում $923 միլիոնից աճել են մինչեւ գրեթե $6,6 միլիարդ:
Դիտում՝ 4771
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW