Ռուսաստանում կարող է տեղի ունենալ դոլարի եւ եվրոյի փոխարժեքների «ապասինխրոնիզացիա», կարծում է տնտեսագետ Վլադիմիր Գրիգորեւը։ Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նա մանրամասնել է իր կանխատեսումը։Ռուսաստանյան շուկայում դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն ինչ-որ առումով փոխկապակցված են, ուստի կարելի է նկատել, որ մի արժույթի արժեքի նվազումը կամ աճը միշտ արտացոլվում է մյուսի դիրքերի վրա, նշել է Գրիգորեւը։ Սակայն այս իրավիճակը մոտ ապագայում կարող է փոխվել՝ կապված օտարերկրյա սպառողների՝ գազի դիմաց ռուբլով վճարելու անցման հետ, ասել է նա։ ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը արգելել են իրենց արժույթի ներմուծումը Ռուսաստան, սակայն «Գազպրոմ»-ի շնորհիվ երկիր կներթափանցի զգալի քանակությամբ եվրո, պարզաբանել է տնտեսագետը։«Այն սխեման, երբ եվրոպացի գնորդները գումար են փոխանցում «Գազպրոմբանկ»-ին, իսկ վերջինս դրանք փոխարկում է ռուբլու, եվրոյի մշտական ներհոսք է ապահովում դեպի Մոսկվայի բորսա։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվելու, քանի որ համաշխարհային շուկայում կա դոլար-եվրո փոխարժեքային կայացած հարաբերակցություն։ Ռուբլու փոխարժեքն ամերիկյան եւ եվրոպական արժույթների նկատմամբ որոշ չափով կրկնում էր այս հարաբերակցությունը։ Ինչպես կլինի հիմա՝ դժվար է ասել։ Հնարավոր է, փոխարժեքների փոփոխության ասպարեզում ապասինխրոնիզացիա լինի, քանի որ եվրոյի քանակը ռուսաստանյան շուկայում բավականին մեծ կլինի, իսկ դոլարինը` ավելի քիչ»,- կարծում է Վլադիմիր Գրիգորեւը։Տնտեսագետի կարծիքով՝ ՌԴ շուկայում եվրոյի եւ դոլարի փոխարժեքների «ապասինխրոնիազացիան» կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ավելացել ԱՄՆ արժույթի ներհոսքը դեպի Ռուսաստան։«Այժմ ծրագրեր կան այդ մեխանիզմը (երբ օտարերկրյա գնորդները ռուսաստանյան ապրանքների համար վճարում են ռուբլով - Sputnik ռադիո) տարածել նավթի եւ հացահատիկի արտահանման վրա։ Եթե խոսենք նավթի մասին, ապա դրա գինը համաշխարհային շուկայում ձեւավորվում է դոլարով, եւ այդ արժույթը նույնպես կարող է սկսել հոսել դեպի Ռուսաստան»,- կանխատեսել է Վլադիմիր Գրիգորեւը: Tweet Դիտում՝ 5693