Որպես զենք օգտագործվող ֆինանսական պատժամիջոցների ուժեղացումը նոր խթաններ է ստեղծել Չինաստանի եւ այլ երկրների համար՝ ուղիներ փնտրելու իրենց դեմ ձեռնարկված նմանատիպ միջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար, այնպես որ համաշխարհային ֆինանսական համակարգի համար միանգամայն հնարավոր են լուրջ եւ երկարաժամկետ հետեւանքներ, որոնք կարող են սասանել դոլարի դիրքերը, ճապոնական Toyo Keizai պարբերականի համար իր հոդվածում գրել է վերլուծաբան Հովարդ Դեւիսը։«Դոլարի մահը բազմիցս է կանխատեսվել։ Ճիշտ է նաեւ այն, որ դոլարի մասնաբաժինը համաշխարհային արժութային պահուստներում 2000 թվականի 71%-ից այսօր նվազել է մինչեւ մոտ 60%: Դոլարի գերակայության ավարտի նշանները քիչ էին, սակայն այս միտումը փոխվել է»,- Դեւիսի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը:Նա նշել է, որ արեւմտյան կառավարությունները, զգուշանալով Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից, ինչպես նաեւ իրենց սահմանափակ ռազմական հնարավորությունների պատճառով, ուժեղացրել են Կրեմլի դեմ տնտեսական եւ ֆինանսական պատժամիջոցները։ Միաժամանակ, մյուս երկրները մտորում են՝ արդյոք նրանք նույնպես կկտրվեն դոլարի վրա հիմնված ֆինանսական համակարգից, եթե իրենց կառավարությունները հատեն ԱՄՆ-ի «կարմիր գծերը»: Սաուդյան եւ չինացի քաղաքական գործիչներն արդեն երկար ժամանակ մտահոգված են ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների նկատմամբ խոցելիությամբ: Որոշ փորձագետներ նաեւ նշում են, որ եթե Չինաստանը որեւէ քայլ ձեռնարկի Թայվանի դեմ, ապա արեւմտյան երկրները նմանատիպ պատժամիջոցներ կկիրառեն։Չինաստանը քայլեր է ձեռնարկել այս ռիսկը նվազեցնելու համար, հիշեցրել է Դեւիսը: Օրինակ, ստեղծել է անդրսահմանային միջբանկային սեփական վճարային համակարգը (CIPS), որն ունի նույն հաղորդագրությունների ձեւաչափը, ինչ SWIFT-ը, եւ իր անդամներին առաջարկում է անդրսահմանային վճարումներ յուանով: CIPS-ն արագորեն աճում է, դրան ակտիվորեն մասնակցում են արեւմտյան խոշոր բանկերը։ Սակայն տվյալների մշակման ծավալը մինչ ուկրաինական հատուկ գործողությունը եղել է SWIFT-ի ծավալի 1%-ից պակաս։ Եթե SWIFT-ից անջատված ռուսաստանյան բանկերն անցնեն CIPS-ի, ապա գործարքների թիվը կավելանա, սակայն դրանց ծավալը չափազանց փոքր է, ուստի, ամենայն հավանականությամբ, մեծ փոփոխություններ տեղի չեն ունենա, կարծում է հոդվածի հեղինակը։Ներկայումս CIPS-ն էական վտանգ չի ներկայացնում արեւմտյան վճարային համակարգերի համաշխարհային հեգեմոնիային, սակայն չինական թվային յուանի զարգացումը կարող է ավելի լուրջ ազդեցություն ունենալ, նշվում է նյութում։Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կենտրոնական բանկերը զգուշավոր դիրքորոշում են ցուցաբերում թվային արժույթների նկատմամբ։ Տեխնիկական խնդիրներից բացի, կան գաղտնիության հետ կապված լուրջ մտահոգություններ, գրել է Դեւիսը։Հուվերի ինստիտուտի զեկույցում, որը գրվել էր ուկրաինական ճգնաժամի նախաշեմին, ընդգծվում էր, որ եթե թվային արժույթների օգնությամբ Չինաստանին հաջողվի հեշտացնել համաշխարհային առեւտրային հոսքերի անցումը դեպի յուան, ապա ԱՄՆ-ի՝ ֆինանսական պատժամիջոցներն արդյունավետ օգտագործելու կարողությունը կնվազի, հիշեցրել է հոդվածի հեղինակը։ Tweet Դիտում՝ 4793