Լավրով․ Արեւմուտքի համար գողությունը դառնում է «սովորության պես մի բան»

11.05.2022 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Լավրով #Ժոզեպ Բորել #ՌԴ պահուստներ
Ռուսաստանի սառեցված ոսկեարժութային պահուստների հնարավոր փոխանցումը Ուկրաինային գողություն է, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ալժիր կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է RBC-ն։

«Սա, նույնիսկ կարելի է ասել, գողություն է, որն անգամ չեն փորձում թաքցնել»,- ասել է Լավրովն ի պատասխան հարցին՝ կարելի է արդյոք կողոպուտ որակել առաջարկը՝ Կիեւին փոխանցել ՌԴ միջոցները երկիրը վերականգնելու համար։

Նա հայտարարել է, որ Արեւմուտքի համար գողությունը դառնում է «սովորության պես մի բան», եւ օրինակ է բերել ԱՄՆ-ում Աֆղանստանի Կենտրոնական բանկի գումարների սառեցումը։ «Ցանկանում են դրանք ուղղել ոչ թե Աֆղանստանի բնակիչների կարիքներին, ովքեր տուժել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների 20-ամյա մնալու հետեւանքներից, այլ ուզում են դրանք օգտագործել այլ նպատակների համար, որոնք կապված չեն Աֆղանստանի տնտեսության վերականգնման հետ»,- ընդգծել է նա։

Լավրովը նաեւ նշել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, ում պատկանում է Ուկրաինայի վերականգնման համար գումար փոխանցելու գաղափարը, «հայտնի է ոչ միայն ուրիշների ունեցվածքի բռնագրավման ոլորտում իր գաղափարներով»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը Բորելին խորհուրդ է տվել չմոռանալ, որ ինքը գլխավոր դիվանագետն է, այլ ոչ թե ԵՄ ռազմական ղեկավարը՝ ուկրաինական ճգնաժամի ռազմական լուծման մասին իր խոսքերի պատճառով։

Լավրովը ենթադրել է, որ շուտով գլխավոր դիվանագետի պաշտոն չի լինի, քանի որ ԵՄ-ն չունի իր արտաքին քաղաքականությունը ԱՄՆ-ի «պարտադրված» մոտեցումների պատճառով։ «Բայց ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք հետեւողականորեն հակազդելու ենք միաբեւեռ աշխարհակարգի հաստատման եւ այն սկզբունքները ոչնչացնելու փորձերին, որոնց վրա հիմնվել է ՄԱԿ-ը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։



Մայիսի 9-ին Financial Times-ին տված հարցազրույցում Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրներին անհրաժեշտ է դիտարկել Ռուսաստանի սառեցված արտարժութային պահուստների առգրավման հարցը՝ օգնելու վճարել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

Նա օրինակ է բերել ԱՄՆ-ի կողմից Աֆղանստանի Կենտրոնական բանկից առգրավված «միլիարդավոր դոլարների» ակտիվները, որոնք, նրա խոսքով, հետագայում կօգտագործվեն ահաբեկչությունից տուժածներին փոխհատուցելու եւ երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։ Դիվանագետը նշել է, որ «տրամաբանական կլինի» դիտարկել նմանատիպ քայլեր նաեւ Ռուսաստանի սառեցված պահուստների հետ կապված։

«ԱՄՆ նախագահի վարչակազմը սառեցումը բացատրել էր որպես իշխանության եկած թալիբների համար փողերին հասանելիությունը արգելափակելու փորձ: Փետրվարին նախագահ Ջո Բայդենը հանձնարարեց այդ միջոցների $9 միլիարդից $7 միլիարդը հատկացնել Աֆղանստանին մարդասիրական օգնության, ինչպես նաեւ եւ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հարազատներին աջակցելու համար»,- գրում է RBC-ն։

Ավելի վաղ, անդրադառնալով Արեւմուտքի կողմից շուրջ $300 միլիարդ ծավալով Ռուսաստանի ոսկեարժութային պահուստների սառեցմանը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն «անամոթ կողոպուտ» էր որակել այդ քայլը։

«Երբ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մեր արեւմտյան «ընկերները» մեզանից գողացան ավելի քան $300 միլիարդ, փաստացի նրանք գողացան այն, ինչ իրենք իսկ վճարել էին գազի համար։ Այսինքն՝ այս տարիների ընթացքում մեր գազը նրանք անվճար էին օգտագործում»,- նշել էր Սերգեյ Լավրովը։
Դիտում՝ 4553
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW