Ռուսաստանյան բանկերի եւ ֆինանսական ընկերությունների փորձագետները շարունակում են կիսվել ռուբլու փոխարժեքի վերաբերյալ իրենց կանխատեսումներով։ Դրանցից մի քանիսը ներկայացված են VC.ru առցանց պարբերականի նյութում։Ռուբլու փոխարժեքը նախկինում որոշվում էր կապիտալի հոսքերով, սակայն այժմ դրանց շարժը գործնականում կանգ է առել Կենտրոնական բանկի խիստ սահմանափակումների, ինչպես նաեւ պատժամիջոցների պատճառով, նշել է «Ալֆա-բանկ»-ի գլխավոր տնտեսագետ Նատալյա Օրլովան։ Ոչ ռեզիդենտներն այլեւս չեն կարող միջոցներ դուրս բերել, իսկ արեւմտյան երկրները չեն ընդունում «ռուսական» փողերը․ Ռուսաստանում արժույթը կողպեքի տակ է հայտնվել, պարզաբանել է վերլուծաբանը։Օրլովայի գնահատմամբ՝ այժմ փոխարժեքը որոշվում է առեւտրի հոսքերով` արտահանման եւ ներմուծման հարաբերակցությամբ։ Արտահանումից ստացվող արտարժույթի մուտքերը դեռեւս բարձր են՝ ամսական ոչ պակաս, քան $40 միլիարդ: Միաժամանակ, արտահանողներից պահանջվում է վաճառել իրենց հասույթի 80%-ը։ Ապրիլի 29-ին Ռուսաստանի ԿԲ-ն առաջարկել է այս ցուցանիշն իջեցնել մինչեւ 50%:Միաժամանակ, պատժամիջոցների ֆոնին ներմուծումը գրեթե կրկնակի կրճատվել է, նշել է Մոսկվայի բորսայի դիտորդ խորհրդի նախագահ Օլեգ Վյուգինը։ Օրլովան էլ նկատել է, որ Ռուսաստանը ներմուծում է ավելի քիչ, սակայն ծախսում է մոտավորապես նույնքան, որքան մինչեւ ճգնաժամը` ամսական մոտ $20-25 միլիարդ լոգիստիկ խնդիրների եւ համաշխարհային գնաճի պատճառով: Այդուհանդերձ, առեւտրում կա պրոֆիցիտ, նշել է փորձագետը։Արտարժույթի շուկայում ձեւավորվել է անհավասարակշռություն՝ արտահանողների կողմից առաջարկը մնում է բարձր, իսկ արտարժույթի պահանջարկը նվազել է կարգավորիչի սահմանափակումների պատճառով։ Դա նպաստում է ռուբլու ամրապնդմանը, ընդգծել է Օրլովան։«Նախկինում շուկան կարող էր ապրել նորություններով, սակայն հիմա գրեթե չկան ներդրումային եւ անդրսահմանային հոսքեր, որոնք շուկան կարող էր մշակել: Ուստի պետք չէ զարմանալ, որ ռուբլին այդքան ամրապնդվում է, երբ պատժամիջոցների մասին լուրեր են հայտնվում։ Դրանք անմիջապես չեն ազդում առեւտրի վրա եւ կհասնեն մի քանի ամսից։ Սկսեց ձեւավորվել ժամանակային ուշացում, այժմ շուկան ապրում է անցյալով»,- պարզաբանել է «Ռենեսանս կապիտալ»-ի Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների գծով գլխավոր տնտեսագետ Սոֆյա Դոնեցը:Ռուբլին որոշ ժամանակ ուժեղ կմնա, փոխարժեքը կարող է իջնել անգամ մինչեւ 60 ռուբլի մեկ դոլարի դիմաց, նշել է Դոնեցը։ Սակայն այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը կսկսի թուլացնել սահմանափակումները, ռուբլին կթուլանա, կանխատեսել է վերլուծաբանը։ Ավելի երկար ժամանակահատվածում դոլարը կարող է վերադառնալ 90-100 ռուբլու փոխարժեքին։ Tweet Դիտում՝ 21082