«ԵԱՏՄ-ում կարեւոր է հստակեցնել մոտեցումը պարենային անվտանգության հարցին»

06.05.2022 | 12:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արտակ Քամալյան #ԵԱՏՄ #պարենային անվտանգություն
Փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո եւ դրան ի պատասխան Ռուսաստանի դեմ արեւմտյան երկրների կիրառած պատժամիջոցները, «միանշանակ բացասաբար են ազդում» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործունեության վրա։

Այս մասին RBC-ին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի անդամ, ԵՏՀ արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։

ԵԱՏՄ երկրները տնտեսապես փոխկապակցված են, հիշեցնում է Քամալյանը։ Վերջին տարիներին ընդլայնվել է եվրասիական «հնգյակի» անդամների միջեւ համագործակցությունը, այդ թվում՝ պարենային ապրանքների առեւտրի ոլորտում, արտասահմանյան մատակարարումները փոխարինվում էին ներմիութենականներով։ Արդյունքում, երբ արտաքին հանգամանքների բերումով միության առանձին անդմներ ստիպված են լինում սահմանափակել ապրանքների տեղաշարժը եւ գյուղմթերքի արտահանումը, վտանգ է առաջանում գործընկեր երկրների պարենային անվտանգությանը, նշել է Քամալյանը։

Ապրիլի վերջին ԵՏՀ նիստում Ղազախստանը դժգոհություն էր հայտնել Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանման արգելքի առնչությամբ։ Ռուսաստանի կառավարությունը մարտի 15-ից հունիսի 30-ը արգելել է հացահատիկի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ, բացառությամբ Բելառուսի։ Նաեւ մարտի 15-ից օգոստոսի 31-ը երկրից արգելվում է շաքարավազի արտահանումը (դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը հնարավոր է գյուղատնտեսության նախարարության կողմից տրված թույլտվությամբ)։ Ղազախստանում այս որոշման մեջ նկատել են ԵԱՏՄ-ի մասին համաձայնագրի խախտման նշաններ։



Ըստ «Կոմերսանտ»-ի՝ Ղազախստանը նախատեսում էր վիճարկել դեպի ԵԱՏՄ ցորենի արտահանման Ռուսաստանի արգելքը։ Սակայն իրավաբանական տեսանկյունից անհնար է վիճարկել այս արգելքը, նշել  Քամալյանը. ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի 29-րդ հոդվածը նախատեսում է, որ երկրները կարող են սահմանափակումներ մտցնել ապրանքների փոխադարձ առեւտրի վրա, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը։

Արգելքը պայմանավորված էր «արտաքին ուրվագիծը» փակելու եւ դեպի երրորդ երկրներ վերաարտահանման խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ, ինչը շահավետ է դառնում անմաքս առեւտրի հաշվին գների տարբերությամբ. «Սակայն այն երկրների համար, որոնք սահմանափակումների պատճառով հայտնվել են դժվար դրության մեջ, այս միջոցները որոշակի անհանգստություն են առաջացնում»։

Արտակ Քամալյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում կարեւոր է հստակեցնել մոտեցումը պարենային անվտանգության հարցին. «Եթե մենք հասկանում ենք այն որպես պարենային կոլեկտիվ անվտանգություն բոլոր հինգ երկրների համար, երբ Լիպեցկի բնակչի պարենային ապահովվածությունը չի տարբերվում Ալմա-Աթայի բնակչի մոտ եղածից, եւ այն ամենը, ինչ հասանելի է Լիպեցկի բնակչին, հասանելի է նաեւ Ալմա-Աթայի բնակչին՝ դա մեկ մոտեցում է: Բայց եթե ենթադրում ենք, որ ԵԱՏՄ պարենային անվտանգությունը հինգ առանձին երկրների պարենային հնարավորությունների հանրագումարն է միայն, ապա սա բոլորովին այլ մոտեցում է»։

ԵԱՏՄ երկրների համար պարենային ընդհանուր անվտանգության հայեցակարգը դեռ չի իրականացվել, սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում այն քննարկվել է առանձին մեխանիզմների ներդրման միջոցով, պարզաբանել է Քամալյանը։ Տարածաշրջանայնացումը կամ, այսպես կոչված, խելացի մասնագիտացումը ձեռնտու է երկրներին, կարծում է նա։

Բայց երբ Ռուսաստանը կամ Բելառուսը սահմանափակումներ են մտցնում հացահատիկի, շաքարավազի մատակարարման վրա, այն երկրները, որոնք ավանդաբար ներմուծում են այդ ապրանքների առյուծի բաժինն այս պետություններից, հայտնվում են շատ ծանր վիճակում. «Եվ ես վախենում եմ, որ նման դեպքերը կազդեն ինտեգրացիոն միավորման մասնակիցների ազգային ագրարային քաղաքականության վրա՝ պարենի արտադրության ավելի մեծ տեղայնացման մասով, նույնիսկ եթե դա տնտեսապես ոչ այդքան նպատակահարմար է: Այսինքն՝ բոլորը կարտադրեն ամեն ինչ եւ կդիվերսիֆիկացնեն մատակարարներին»։

Դեպի երրորդ երկրներ վերաարտահանման խնդրի հնարավոր լուծումը կարող էին դառնալ արտահանման ժամանակ միակողմանի սակագնային եւ ոչ սակագնային համաձայնեցված միջոցները, ասել է Քամալյանը։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի խորհուրդը համապատասխան հանձնարարական է տվել։ Բայց քննարկումները դեռ չեն հանգեցրել մեխանիզմի շուրջ համաձայնության, հարցի լուծումը «դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին»։

ԵԱՏՄ շուկայում պարենի դեֆիցիտ այժմ չկա, ընդգծել է Քամալյանը։ Հետագա տարիներին գյուղատնտեսական ապրանքների արտադրության արդյունավետությունը կարող է նվազել լոգիստիկ խնդիրների եւ նյութառեսուրսային բազայի գների բարձրացման պատճառով: «Բայց, չնայած արտադրության արդյունավետության հնարավոր նվազմանը, պարենային անվտանգությունը կմնա բավականին բարձր մակարդակի վրա»,- նշել է Քամալյանը։

Պարենի ընդհանուր ինտերվենցիոն հիմնադրամ

ԵԱՏՄ շուկայում գյուղմթերքների գների կայունացման ուղիներից մեկը կարող էր դառնալ պարենի ընդհանուր ինտերվենցիոն հիմնադրամի ստեղծումը։ Նման մեխանիզմ Ռուսաստանում կիրառվում է հացահատիկի գների կայունացման համար։ Այդպիսի հիմնադրամի ստեղծման հարցը բազմիցս քննարկվել է ԵԱՏՄ երկրների կողմից, ասել է Քամալյանը։ Մինչ օրս նրանք պայմանավորվել են պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքների եւ մոտեցումների շուրջ, բայց սա «խնդիրը չլուծող շատ ընդհանուր փաստաթուղթ է»,- նշել է նա։ Քամալյանը համոզված է, որ ընդհանուր մոտեցումներից պետք է անցնել պարենային կոլեկտիվ անվտանգության մեխանիզմների ներդրմանը, սակայն այսօր «ավաղ, ոչ բոլոր երկրներն են պատրաստ աջակցել այդ գաղափարին»։
Դիտում՝ 9510
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW