Լաստանավային հաղորդակցությունը՝ այլընտրանք Վերին Լարսին

05.05.2022 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #լաստանավ #S&M International
Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել լաստանավային հաղորդակցության վերաբերյալ, ինչը այլընտրանք կլինի Վերին Լարսին եւ կնվազեցնի բեռնափոխադրումների հետ կապված խոչընդոտները։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ մի քանի շաբաթ առաջ կառավարությունը որոշում է ընդունել, որով մտադրություն էր հայտնել պայմանագիր կնքել լաստանավային օպերատորի հետ, որն էլ իր հերթին համապատասխան պայմանագրեր կկնքի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հետ։

«Այդ ընկերությունն արդեն կա, այն S&M International-ն է, որը պայմանագրեր է կնքել երկաթուղային ընկերությունների հետ եւ պատրաստ է ձեռնամուխ լինել լաստանավային կանոնավոր հաղորդակցության իրականացմանը։

Ըստ մեր պլանի՝ Փոթի եւ Կովկաս նավահանգիստների միջեւ ամենաուշը հունիսի 15-ից կգործարկվի շաբաթական երկու անգամ ամեն ուղղությամբ ընթացքող կանոնավոր լաստանավային հաղորդակցություն, որի վրա կա 40 վագոնի եւ բեռնատար 50 ավտոմեքենայի տեղ։ Կառավարությունը պատրաստ է ամբողջությամբ սուբսիդավորել ճամփորդության լաստանավային հատվածը»,- ասել է նա։

Վահան Քերոբյանը նշել է նաեւ, որ «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, «Ռուսական երկաթուղիներ»-ը եւ «Վրացական երկաթուղի»-ն էական զեղչեր են տալիս Հայաստանին, որպեսզի մեխանիզմն աշխատի։

«Արդյունքում մենք կունենանք Հայաստանի երկաթուղային համակարգի կանոնավոր կապ Եվրասիական երկաթուղային համակարգի հետ, որը թույլ կտա, որ մեր տնտեսությունը, հատկապես՝ արդյունաբերությունը, էապես բարձրացնեն մրցունակությունը, կտրուկ լավանա հասանելիությունը Եվրասիական տարածքի խորը գոտիների հետ, ինչը թույլ կտա նաեւ լավացնել առեւտուրը Կենտրոնական Ասիայի երկրների հետ։
 
Այս նախագծով մենք նաեւ արտահանողներին եւ ներմուծողներին թույլ ենք տալիս էապես նվազեցնել ռիսկերը, որոնք այսօր հատկապես շատ մեծ են Լարսի անցակետի հետ կապված։ Սա մեր վերջին ճիգը չէ, մենք մտածում ենք նաեւ, թե ինչ նոր ճանապարհներով կարող ենք լավացնել արտահանողների եւ ներմուծողների բեռնափոխադրման հնարավորությունները»,- ասել է Էկոնոմիկայի նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ թեպետ երկար տարիներ առնչվել ենք Վերին Լարսի թողունակության հետ կապված խնդիրներին, բայց հիմա խնդիրը սրվել է։

«Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված՝ Սեւ ծովով փոխադրումների որոշակի սահմանափակումներ են առաջացել, ինչը նշանակում է, որ բավական մեծ ծավալի բեռներ ծովից անցել են ցամաքով տեղափոխվելու, որի զուգահեռ ճանապարհի հսկայական մասն անցնում է Վերին Լարսով։

Վերին Լարսին այլընտրանք ձեւավորելու պրոցեսը մենք սկսել էինք մինչեւ ուկրաինական իրադարձությունները, բայց արդեն ունենք հստակ պայմանավորվածություններ»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ կառավարության կողմից սուբսիդավորումը հավերժ չի լինելու, նպատակը ենթակառուցվածքի կայացումն է։

«Մենք հույս ունենք, որ այս տնտեսական սխեման կսկսի աշխատել եւ երբ կստացվի բարձրացնել արդյունավետությունը, կառավարությունն իր մասնակցության հատվածը կնվազեցնի եւ կթողնի մասնավորին»,- ասել է նա։
Դիտում՝ 2633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW