Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման եւ եվրոպական տնտեսության վրա դրանց ազդեցության հետ կապված անորոշությունը կարող է շարունակել ճնշում գործադրել եվրոյի վրա այնպես, որ այն նույնիսկ կարող է «հեռանալ ասպարեզից», գրում է Deutsche Wirtschafts Nachrichten պարբերականը։Prime գործակալության փոխանցմամբ՝ մի շարք փորձագետների կարծիքով՝ ուկրաինական ճգնաժամի տնտեսական հետեւանքներից Եվրոպան ԱՄՆ-ից ավելի շատ կտուժի։ Կարճաժամկետ հեռանկարում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը պետք է դոլարին լրացուցիչ աջակցություն ցուցաբերի, թեեւ շուկան արդեն ակնկալում է ԱՄՆ-ում տոկոսադրույքների զգալի աճ՝ բարձր գնաճի դեմ պայքարելու համար, գրում են Landesbank BayernLB-ի վերլուծաբանները:Եվրոգոտում այժմ գների կտրուկ աճ է նկատվում։ Ըստ VP Bank-ի գլխավոր տնտեսագետ Թոմաս Գիտցելի՝ եվրոն չի կարող շահել 2022 թվականին Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից նախատեսված տոկոսադրույքների երեք բարձրացումներից։ «Արժութային շուկաներում մեծ մտավախություններ կան, որ Եվրոգոտու տնտեսական աճի ավելի ուժեղ դանդաղումը, կամ նույնիսկ ռեցեսիան, դեռեւս կարող է սասանել խստացման ծրագրված ընթացքը»,- ասել է փորձագետը: Ռեցեսիան, բարձր գնաճը եւ ԵԿԲ-ի՝ գործելու անկարողությունը կամ դրա ցանկության բացակայությունը «մղձավանջ» կդառնան:Սպառողական տրամադրվածությունների ցուցիչները գրեթե չեն ազդել եվրոյի փոխարժեքի վրա։ Երկրորդ անընդմեջ վատթարացումից հետո Գերմանիայում ցուցանիշները հասել են ռեկորդային ցածր մակարդակի։ «Վերջնականապես պարզ դարձավ, որ համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացման արդյունքում վերականգնման հույսերը չեն իրականացել»,- ասել է GfK-ի սպառողական շուկայի փորձագետ Ռոլֆ Բյուրկլը:Իր հերթին, Deutsche Bank-ի նախկին գլխավոր տնտեսագետ եւ Flossbach von Storch հետազոտական ինստիտուտի հիմնադիր տնօրեն Թոմաս Մայերը DWN-ին տված հարցազրույցում զգուշացրել է եվրոյի կայուն արժեզրկման մասին: Նրա կարծիքով, տեսականորեն եվրոն նույնիսկ կարող է իսպառ անհետանալ ասպարեզից։ «Պատմությունը ցույց է տալիս, որ երբ սպառողական շուկայում տիրող իրավիճակի պատճառով տուժում է պաշտոնական փողը, մարդիկ փնտրում են արժեքի պահպանման եւ փոխանակման այլ ուղիներ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ եթե նախկինում այդ դերը կատարում էին ոսկին եւ արծաթը, ապա այժմ դրան կարող են հավակնել կրիպտոարժույթները: Tweet Դիտում՝ 5712