Լիրայի անկման ֆոնին Թուրքիան մշակում է օտարերկրյա ներդրողներին պարտատոմսերի շուկա ներգրավելու պլան, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը՝ վկայակոչելով Bloomberg-ի իրազեկ աղբյուրները։Այդ պլանի համաձայն՝ Թուրքիայի կենտրոնական բանկը անտոկոս վարկի տակ լիրա կտրամադրի օտարերկրյա այն ներդրողներին, ովքեր կգնեն տեղական պարտատոմսերը՝ առնվազն երկու տարի մարման ժամկետով, պնդում է Bloomberg-ի աղբյուրը։Բացի անտոկոս ֆինանսավորումից, մարման ժամկետին ներդրողներին առաջարկվում է դոլարային արտահայտությամբ 4% երաշխավորված եկամտաբերություն: Պլանի մանրամասները կարող են փոփոխվել, ասել է անանուն աղբյուրը։ Թուրքիայի կենտրոնական բանկը հրաժարվել է մեկնաբանություններից։2022 թվականի սկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ կորցրել է արժեքի մոտ 10%-ը։ Սա զարգացող երկրների արժույթների մեջ վատագույն դինամիկաներից մեկն է, ընդգծում է Bloomberg-ը։ Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի պլանը նոր ուղի եւ նոր դիրքորոշում է նախանշում Կենտրոնական բանկի համար, որն այժմ ձգտում է կանխել կապիտալի արտահոսքը։ Նախկինում կարգավորիչը նմանատիպ միջոցներ էր կիրառել ազգային արժույթի ամրապնդման համար՝ բացելով պետական աջակցությամբ ավանդներ, որոնք ավանդատուներին պաշտպանում էին լիրայի թուլացումից:Գործակալությունը հիշեցնում է, որ 2018 թվականի արժութային ճգնաժամից հետո Թուրքիան բազմաթիվ սահմանափակումներ է մտցրել արտասահմանյան գործարքների համար՝ լիրան ամրապնդելու նպատակով։ Սակայն այս ֆոնին թուրքական բաժնետոմսերում եւ պարտատոմսերում օտարերկրյա ակտիվներն ընկան պատմական նվազագույնի:Bloomberg-ը նշում է, որ տոկոսադրույքները բարձրացնելու եւ լիրայով ակտիվներն ավելի գրավիչ դարձնելու փոխարեն, Թուրքիան օգտագործում է ոչ ավանդական միջոցներ՝ արտարժույթ ներգրավելու եւ ԿԲ պահուստներն ավելացնելու համար։ Tweet Դիտում՝ 4910