2021թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7%՝ նախապես կանխատեսվող 3,2%-ի փոխարեն

22.04.2022 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Հայրապետյան #պետական բյուջե #պարտք
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը նիստի ընթացքում ներկայացրել է բյուջետային հաշվետվության բովանդակությունը։

«2021 թվականը մեկնարկեց լարված ֆինանսատնտեսական միջավայրով, ինչը պայմանավորված էր Արցախի պատերազմի հարուցած սոցիալական, հոգեբանական, անվտանգային ու քաղաքական որոշակի ճգնաժամերով, ինչպես նաեւ՝ կորոնավիրուսի համավարակով ի հայտ եկած սոցիալ տնտեսական անորոշություններով»,- ասել է Արմեն Հայրապետյանը։

Նրա խոսքով՝ իրականացված հարկաբյուջետային, դրամավարկային եւ տնտեսական քաղաքականությունների համադրման արդյունքում 2021թ․ՀՆԱ-ի աճը կազմել է 5,7%՝ տարեսկզբին կանխատեսվող 3,2%-ի դիմաց։

«Հնարավոր եղավ բարելավել հարկային եկամուտների հավաքագրման մակարդակը՝ գերակատարելով հարկային եկամուտների եւ տուրքերի պլանը շուրջ 147 մլրդ դրամով՝ նախորդ տարվա համեմատ աճեցնելով 14,5%-ով: Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ բարելավվեց 3%-ով եւ 2021թ․ արձանագրեցինք պատմական ամենաբարձր՝ 22,7% հարկեր-ՀՆԱ մակարդակ»,- ասել է նա։

Արմեն Հայրապետյանը նշել է, որ 2021թ.համար պլանավորված պակասուրդի ֆինանսավորման համար իրականացվել են քայլեր՝ լավ պայմաններով պարտք ներգրավվելու համար, եւ հնարավոր է եղել ներգրավվել մոտ 320 մլրդ զուտ ֆինանսական միջոցներ՝ պակասուրդի ֆինանսավորման համար նախատեսված 341 մլրդ դրամի դիմաց։

«Պարտքի ներգրավվման գործողությունների արդյունքում 2021թ․ ընթացքում պարտքի նվազումը կազմել է 3,2%` հասնելով 60,3% մակարդակի։ Այս մակարդակը վերադարձրել է կառավարության վստահությունն ավելի ապահով պարտքի կառավարման միջակայք։ Պարտքի բեռի նվազմանը զուգահեռ բարելավվել է նաեւ կառուցվածքը։ Դրամային պարտքի կշիռը կանխատեսված 27,5%-ի փոխարեն հասել է 28,8% մակարդակի»,- նշել է ֆինանսների նախարարի տեղակալը։

Նա նաեւ ասել է, որ 2021թ․ ընթացքում եկամտային ու պարտքային քաղաքականությունների բարեհաջող իրականացման արդյունքում հնարավոր է եղել ոչ միայն ժամանակին եւ ամբողջությամբ իրականացնել օրենքով նախապեսված ծախսերը, այլ ծախսել նախատեսվածից ավելի մոտ 153 մլրդ դրամ։

«2021թ․ ծախսային քաղաքականության առաջնային նպատակներն են եղել՝ նպաստել տնտեսական վերականգնմանը, հասնել կորոնավիրուսի, համավարակի եւ արցախյան պատերազմի հետեւանքների էական մեղմմանը։ Այս ուղղությամբ 2021թ․ կառավարության կապիտալ ծախսերի կատարողականը գրանցել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը՝ տարեկան պլանի նկատմամբ կատարվելով 100%-ով եւ կազմելով 216 մլրդ դրամ։ Արդյունքում, նախորդ տարվա նկատմամբ արձանագրվել է մոտ է 21,4 տոկոսային կետով կատարողականի բարելավում»,- ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
Դիտում՝ 3015
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW