Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր կառավարության նիստում ասել է, որ կառավարությունն այս տարի եւս կշարունակի սուբսիդավորել գյուղմթերքի մթերման վարկերը, բայց որոշակի փոփոխություններով։«Եթե նախկին տարիներին 0%-ով վարկ էինք տալիս՝ սուբսիդավորումն ամբողջությամբ էինք անում, ապա այս պարագայում նշում ենք այն չափը, որը կառավարությունը սուբսիդավորելու է՝ սահմանամերձ ընկերությունների համար 14%, իսկ ոչ սահմանամերձների համար՝ 10%։ Այսինքն՝ եթե վարկը տրամադրված է 12-13%-ով, ապա կսուբսիդավորենք դրա 10%-ը եւ կրկին կստացվի արտոնյալ վարկ»,- ասել է նա։Նախարարը նշել է, որ մյուս փոփոխությունը վերաբերում է մթերման պայմանագրերի ժամկետների կնքմանն ու օրինակելի ձեւ մտցնելուն, քանի որ միշտ խնդիրներ են լինում գյուղացիների եւ մթերողների միջեւ եւ կառավարությանը ստիպված է լինում գնալ բանակցությունների։Կառավարությունը կսուբսիդավորի այն մթերողներին, որոնք բանջարաբոստանային եւ այլ կուլտուրաների մթերումների համար պայմանագրեր կկնքեն մինչեւ հունիսի 1-ը, իսկ խաղողի մթերման համար՝ մինչեւ հուլիսի 1-ը։«Սովորաբար, մթերողները շահագրգռված են պայմանագրերը կնքել մթերումից կես ժամ առաջ, որը, ըստ էության, ստացական է, եւ սա գյուղացիներին դնում է բավական խոցելի վիճակի մեջ, նրանք կանխատեսելիություն չեն ունենում՝ կմթերվի բերքը, թե՝ ոչ։ Կոչ եմ անում բոլոր մթերողներին՝ որոշակի ժամանակ առաջ կնքել պայմանագրեր, որ գյուղացուն հայտնի լինի իր մթերման տեղը, գումարը եւ պայմանները»,- ասել է Վահան Քերոբյանը։ Նա նաեւ նշել է, որ արտահանողները որոշակի խնդիրներ ունեն դեպի ՌԴ արտահանելու ուղղությամբ եւ մարտ ամսին էական անկում է եղել, դրա պատճառով նրանց մոտ դրամային հոսքերի խզում է առաջացել։«Որոշման մի կետով թույլ ենք տալիս, որպեսզի բանկերը վեց ամսով լրացուցիչ արտոնյալ ժամանակահատված տրամադրեն արտահանողներին՝ դրամային հոսքերի խզումը ծածկելու համար»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 2350