ՀՀ Կենտրոնական բանկը չորս նոր հուշադրամ է թողարկել

14.04.2022 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ Կենտրոնական բանկ #հուշադրամ
ՀՀ Կենտրոնական բանկը 2022 թվականի ապրիլի 14-ից շրջանառության մեջ է դնում 4 հուշադրամ՝ նվիրված․


- Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին (ոսկե եւ արծաթե հուշադրամներ),
- Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին (ոսկե հուշադրամ),
- Օգանեսոն (Og) քիմիական տարրին (արծաթե հուշադրամ)։

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակին նվիրված ոսկե եւ արծաթե հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, դարձերեսին՝ ՀՀ զինված ուժերի զինանշանից հատված: Էսքիզների հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Ոսկե հուշադրամի տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը՝ 900 հարգի ոսկի, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը՝ 400 հատ։

Արծաթե հուշադրամի տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ, թողարկման քանակը՝ 400 հատ։

Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ոսկե հուշադրամի դիմերեսին պատկերված է Չարենցին նվիրված «Ամբոխները խելագարված» հուշարձանային կոմպոզիցիայից (քանդակագործ՝ Ն. Նիկողոսյան, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան, 1985 թ.): Դարձերեսին պատկերված է դրվագ Չարենցի հուշարձանից (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1957 թ.) եւ նրա ստորագրությունը: Էսքիզների հեղինակներն են՝ Լուսինե Լալայանը (դիմերես) եւ Էդուարդ Կուրղինյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 10 000 դրամ, մետաղը՝ 900 հարգի ոսկի, քաշը՝ 8,6 գ, թողարկման քանակը՝ 300 հատ

Օգանեսոն (Og) քիմիական տարրին նվիրված արծաթե հուշադրամի դիմերեսին պատկերված է Օգանեսոն (Og) քիմիական տարրի պատկերը, ՄՀՄԻ պատկերանշանը: Դարձերեսին պատկերված է Յուրի Հովհաննիսյանի դիմաքանդակը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1979 թ.): Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:

Տեխնիկական չափանիշները․ անվանական արժեքը՝ 1000 դրամ, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ, թողարկման քանակը՝ 500 հատ։

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով եւ ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության եւ այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաեւ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով եւ չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում եւ բաց է բոլորի համար:
Դիտում՝ 19623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW