Վոլվաչ. Շահագրգռված ենք փնտրել նոր նախագծեր եւ զարգացնել ներդրումները

12.04.2022 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Դմիտրի Վոլվաչ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Ռուսաստանում ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել եւ ընդլայնել համագործակցությունը Ռուսաստանի հետ արդյունաբերության, առեւտրի եւ փոխադարձ ներդրումների ոլորտում:

«Կախված գտնվելու վայրից եւ թիրախային ուղղվածությունից՝ օտարերկրյա ներդրողները կարող են գրանցել ընկերություն եւ արդյունավետ գործունեություն ծավալել Հայաստանում էներգետիկայի, թեթեւ եւ ծանր արդյունաբերության, դեղագործության, հեռահաղորդակցության, ոսկերչության կամ ադամանդի արտադրության, լոգիստիկայի եւ տրանսպորտի, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում»,- ընդգծել է նախարարը։

Դմիտրի Վոլվաչն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին աճել է գրեթե 13%-ով եւ հասել $2,6 միլիարդի, մինչդեռ միայն 2022 թվականի հունվարին փոխադարձ առեւտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 50%-ով։

«Սրանք բարձր ցուցանիշներ են, եւ այսօր՝ նոր պայմաններում, մենք շարունակում ենք փոխգործակցությունը մեր համագործակցության տեմպերը պահպանելու նպատակով։ Դրա համար առկա է մեծ ներուժ։ Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա եւ շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր եւ զարգացնել ներդրումային ներուժը»,- ասել է Վոլվաչը:

Նա նաեւ նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսաստանյան խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ $2 միլիարդ։

Առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսաստանյան կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, ՀՀ-ում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Դմիտրի Վոլվաչի խոսքով՝ համատեղ զարգացման նոր կետեր գտնելու գործիքներից մեկը կարող է լինել 2022-2025 թվականների միջկառավարական տնտեսական համագործակցության ծրագրի ստորագրումը եւ դրա շրջանակում Գործողությունների ծրագրի մշակումը, որը կներառի փոխգործակցության հեռանկարային ոլորտները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ միջտարածաշրջանային համագործակցությանը։ Այսօր Հայաստանը հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի ավելի քան 70 շրջանների հետ։ Բացի այդ, նախատեսվում է աշխատանքներ կազմակերպել միջտարածաշրջանային համագործակցության նախագծերի ընտրության եւ դրանց կյանքի կոչմանն աջակցելու ուղղությամբ։
Դիտում՝ 1119
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW