Պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը չի կարողացել վարկատուներին դոլարով վճարել

06.04.2022 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #պարտք #դեֆոլտ
Արժեկտրոնային եկամուտի վճարման եւ դոլարային եվրապարտատոմսերի մարման համար ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջին անգամ ռուբլով միջոցներ է փոխանցել Ազգային հաշվարկային դեպոզիտարիա, ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է RBC-ն։

Ֆինանսների նախարարությունը դիմել է նման քայլի այն պատճառով, որ օտարերկրյա թղթակից բանկը հրաժարվել է կատարել արժեկտրոնային եկամուտի վճարման եւ ՌԴ արտաքին պարտատոմսային փոխառություններով պարտատոմսերի անվանական արժեքի մարման հանձնարարականները։ Խոսքը 2022թ․-ին եւ 2042թ․-ին մարվող պարտատոմսերով արժեկտրոնային վճարումների մասին է։

Երկու թողարկումների համար վճարումների ընդհանուր գումարը պետք է կազմեր $649,2 միլիոն, վճարումները պետք է կատարվեին ապրիլի 4-ին։ Դրամական միջոցներն ուղարկվել են «նշված պարտատոմսերի թողարկման փաստաթղթերին համապատասխան» մարտի 30-ին եւ 31-ին, ընդգծել են ֆինանսների նախարարությունում։

Սակայն օտարերկրյա թղթակից բանկի մերժման պատճառով Ֆինանսների նախարարությունը միջոցները փոխանցել է Ազգային հաշվարկային դեպոզիտարիա ՝ 2022 թվականի ապրիլի 4-ի դրությամբ ՌԴ ԿԲ-ի պաշտոնական փոխարժեքով: Այդ օրվա պաշտոնական փոխարժեքի հիման վրա (1 դոլարի դիմաց 83,43 ռուբլի) Դեպոզիտարիայի հաշիվներին փոխանցվել է 54,1 միլիարդ ռուբլու գումար։

«Այսպիսով, վերը նշված «Ռոսիա-2022» եւ «Ռոսիա-2042» պարտատոմսերով ստանձնած պարտավորություններն ամբողջությամբ կատարվել են»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, ոչ բարեկամական ճանաչված երկրների ռեզիդենտները (ներառյալ Եվրամիության երկրները, ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ այլն) ռուբլիներ կստանան C տիպի հատուկ հաշիվների վրա, որոնցից միջոցների դուրս գրումը հնարավոր է միայն հիմքերի բավականին նեղ շրջանակի դեպքում, օրինակ՝ Ռուսաստանի ներսում հարկերի, միջնորդավճարների վճարման համար: Դեռեւս հնարավոր չէ այդ միջոցները դուրս բերել Ռուսաստանից, իսկ դրանք կարող են արտարժույթի փոխարկվել միայն Ֆինանսների նախարարության հատուկ ենթահանձնաժողովի թույլտվությամբ։

«Արտարժութային հաշիվներին ՌԴ-ի հասանելիության վերականգնումը նախադրյալներ կստեղծի, որպեսզի Ռուսաստանի ֆինանսական իշխանություններն այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք թույլ կտան ներդրողներին ռուբլով միջոցներն այդ հաշիվներից արտարժույթի փոխարկել վճարման օրվա փոխարժեքով՝ նախատեսված պարտատոմսերի թողարկման փաստաթղթերով»,- հայտնել են Ֆինանսների նախարարությունում։

Նախօրեին երեկոյան Ազգային հաշվարկային դեպոզիտարիան սպասարկման է ընդունել  ֆինանսների նախարարության նշված եվրապարտատոմսերի թողարկումները, որոնք ազդանշան են հանդիսացել ռուբլով առաջիկա վճարումների մասին։ Նմանօրինակ ընթացակարգ Դեպոզիտարիան իրականացրեց մարտի 16-ին երկու այլ թողարկումներով, այն բանից հետո, երբ դրանցով նախաձեռնվել էր դոլարով վճարային հանձնարարական, բայց մինչ այն պահը, երբ հայտնի դարձավ, որ այդ դոլարային վճարումները կատարվել են։ Արդյունքում՝ նախարարությանը հաջողվել է մինչեւ մարտի 31-ը եվրապարտատոմսերով մի քանի արժեկտրոններ վճարել դոլարով, քանի որ ԱՄՆ գանձապետարանը թույլ էր տալիս վճարումներ կատարել Ռուսաստանի Բանկի սառեցված դոլարային պահուստներից։

Ամերիկյան իշխանությունների դիրքորոշումը փոխվեց ապրիլի 4-ին, երբ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հայտարարեց, որ այսուհետ Ռուսաստանը պետք է սպասարկի իր արտաքին պարտքը երկու եղանակով՝ օգտագործելով «դոլարային մնացած պահուստները [Ռուսաստանի տարածքում] կամ արտահանման համար արտարժութային կանոնավոր մուտք գործող եկամուտները։

«Համաձայն թողարկման պայմանների՝ պաշտոնական դեֆոլտը տեղի է ունենում պարտքի սկզբնական արժույթով չվճարման ժամկետից 30 օրացուցային օր հետո: Ռուսաստանի իշխանությունների տեսանկյունից ոչ ռեզիդենտներին պարտքի ռուբլով վճարումը հանդիսանում է պարտավորությունների պատշաճ կատարում՝ համաձայն նախագահի մարտի 5-ի հրամանագրի՝ որոշակի օտարերկրյա վարկատուների նկատմամբ պարտավորությունների կատարման ժամանակավոր ընթացակարգի մասին։

Այնուամենայնիվ, արեւմտյան վարկատուների եւ իստիտուտների տեսանկյունից նման վճարումը, ամենայն հավանականությամբ, կճանաչվի որպես Ռուսաստանի սուվերեն դեֆոլտ։ Ըստ արեւմտյան ԶԼՄ-ների՝ սա կլինի Ռուսաստանի առաջին դեֆոլտը միջազգային պարտավորություններով 1917 թվականից ի վեր, երբ բոլշեւիկները հրաժարվեցին իրենց վրա վերցնել ցարական Ռուսաստանի պարտքերը»,- գրում է RBC-ն։

Հիշեցնենք, որ մարտի կեսին Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը զգուշացրել էր, որ Ռուսաստանի կողմից դոլարային պարտատոմսերի տոկոսների ռուբլով վճարումը կնշանակի դեֆոլտ։
Դիտում՝ 5967

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW