Կանխատեսվում է արտասահմանից Ռուսաստան միջոցների ռեկորդային ներհոսք

04.04.2022 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #նավթ #գազ
2022 թվականին Ռուսաստանի ընթացիկ գործարքների հաշվի պրոֆիցիտը, որն անցած տարի կազմել էր ռեկորդային 122 միլիարդ, կարող է հասնել պատմական նոր մակարդակի՝ արեւմտյան պատժամիջոցների խստացման ֆոնին:

RBC-ի կողմից հավաքագրված մի քանի տնտեսագետների գնահատականների համաձայն՝ ընթացիկ հաշվի դրական սալդոն կարող է հասնել $200-300 միլիարդի: Աճի հիմնական գործոնները պետք է լինեն, մի կողմից, ռուսաստանյան էներգակիրների արտահանման ծավալի արժեքի աճը, մյուս կողմից՝ Ռուսաստան ապրանքների ներմուծման կրճատումը մինչեւ 50%-ի չափով։

Նավթի եւ գազի արտահանում

Պատմականորեն Ռուսաստանի վճարային հաշվեկշիռը որոշվել է էներգետիկ եւ այլ հումքային նյութերի արտահանմամբ եւ երկիր ապրանքների ներմուծմամբ, նշում է Միջազգային ֆինանսների ինստիտուտը (IIF): Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով առեւտրի պայմանների փոփոխությունները մասամբ դրական են դարձել Ռուսաստանի համար՝ պայմանավորված էներգակիրների գների հետագա աճով, նշվում է IIF-ի մարտի 31-ի զեկույցում:

«Ռուսաստանի վճարային հաշվեկշռի պրոֆիցիտի առանցքային շարժիչ ուժը [ածխաջրածինների արտահանումը] նախկինի պես վստահ է դիտարկվում»,- նշում է ինստիտուտը։ Իր հերթին, ըստ Bloomberg Economics-ի, Ռուսաստանն այս տարի էներգակիրների արտահանումից (հում նավթ, նավթամթերք, բնական գազ, hեղուկացված բնական գազ) կստանա $321 միլիարդ՝ գրեթե մեկ երրորդով ավել, քան անցած տարի ($244 միլիարդ):



IIF-ի տվյալներով՝ ՌԴ նավահանգիստներում կայանած լցանավերի (տանկերների) թիվը, որոնք ռուսաստանյան նավթով բեռնված սպասում են մեկնելուն, ընդամենը մի փոքր է պակաս նախորդ տարիների նույն ժամանակահատվածի ցուցանիշներից։ Ռուսաստանյան նավթի զեղչերը մեծ են, սակայն ի շնորհիվ նրա, որ նավթի համաշխարհային գները, ընդհանուր առմամբ, մեկ բարելի դիմաց $100-ից բարձր են, մարտին ռուսաստանյան նավթագործների արտահանման եկամուտը, կարծես, մոտենում է պատմական առավելագույնին, նշում է ինստիտուտը: ՌԴ ֆինանսների նախարարությունը ապրիլի 1-ին հայտնել էր, որ միջին հաշվով անցած ամիս ռուսաստանյան Urals նավթի տեսակը մեկ բարելի դիմաց արժեր $89-ից մի փոքր ավել, ինչը 40%-ով գերազանցում է 2021 թվականի մարտի ցուցանիշը, բայց միջինում 20%-ով ցածր է Brent-ի միջազգային ցուցանիշից:

Ըստ TankerTrackers ընկերության, որը հետեւում է լցանավերի տեղաշարժին ամբողջ աշխարհում, Ռուսաստանը նախկինի պես ծովով արտահանում է օրական մոտ 3 միլիոն բարել նավթ, եւ այդ մատակարարումները բավականին թափանցիկ են. պատժամիջոցների ֆոնին TankerTrackers-ը չի նկատել «հետքերը թաքցնելու» մարտավարություն:

Մարտի 8-ին ԱՄՆ-ն արգելել է Ռուսաստանից նավթի, գազի եւ ածուխի ներմուծումը, մատակարարումները հնարավոր են մինչեւ ապրիլի 22-ը։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ապրիլի 3-ին հայտարարել էր, որ շուտով կհետեւեն Ռուսաստանի դեմ ԵՄ-ի «հետագա պատժամիջոցները»:
Դիտում՝ 5104
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW