Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին անհրաժեշտ է ստեղծել գլոբալ ռիսկերից պաշտպանության սեփական համակարգը, ներառյալ՝ ոչ ռեզիդենտների կողմից ակտիվների վաճառքից հարկի ներդրումը, որի դրույքաչափը կախված կլինի դրանց տնօրինման ժամկետից։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազեւը։ՌԴ-ի դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելուց հետո միջազգային խոշոր շատ ընկերություններ հայտարարեցին իրենց գործունեությունը դադարեցնելու կամ Ռուսաստանից հեռանալու մասին։ Միաժամանակ, դրանցից ոմանք հայտնում են ժամանակի ընթացքում իրենց գործունեությունը Ռուսաստանում վերսկսելու ցանկության մասին, իսկ մյուսները նոր սեփականատերեր են փնտրում իրենց ակտիվների համար:«Հակառակ Միացյալ Նահանգների եւ ԱՄՀ-ի դիրքորոշմանը՝ մեր երկրները պետք է համաձայնության գան ֆինանսական ապակայունացման գլոբալ ռիսկերից պաշտպանության ազգային համակարգերի ստեղծման շուրջ. հիմնեն արտարժութային գործարքների մասով կապիտալի շարժի պահուստավորման ինստիտուտ, ներդնեն ոչ ռեզիդենտների կողմից ակտիվների վաճառքից ստացված եկամտի հարկ, որի դրույքաչափը կախված կլինի ակտիվի տնօրինման ժամկետից»,- ասել է Գլազեւը։Բացի այդ, նրա կարծիքով, ԵԱՏՄ երկրները պետք է հնարավորություն ունենան սպառնացող գործարքների դեպքում սահմանափակումներ մտցնել կապիտալի անդրսահմանային շարժի վրա։Գլազեւը նաեւ նշել է, որ ԵԱՏՄ ընդհանուր շուկան հնարավորություն է տալիս զգալիորեն չեզոքացնել պատժամիջոցների ազդեցությունը Ռուսաստանի տնտեսության վրա։ «Այդ պատճառով Վաշինգտոնը սպառնում է ընդլայնել դրանք մեր գործընկերների ձեռնարկությունների ուղղությամբ, որոնք ակտիվորեն համագործակցում են ռուսաստանյան ընկերությունների հետ եւ պահպանում կոոպերացիոն կապերը վերջիններիս հետ»,- ասել է ԵՏՀ նախարարը։Սակայն, ըստ Գլազեւի, դա ոչ մի կերպ չի կանգնեցնում Միության երկրների ինտեգրացումը, այլ ընդհակառակը, խթանում է համագործակցության ծրագրերի ընդլայնումը, ներմուծման փոխարինումը եւ ազգային արժույթներով առեւտրին անցումը։ Tweet Դիտում՝ 3119