Վերադարձ խորհրդային տարիներին․ տնտեսագետը նկարագրել է Ռուսաստանի վաղվա օրը

03.04.2022 | 15:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իգոր Լիպսից #Harvard Business Review Russia
Վերջին մեկ ամսվա ընթացքում հարյուրավոր ընկերություններ լքել են Ռուսաստանը։ Դրանց աշխատակիցները կորցրեցին իրենց աշխատանքը, իսկ սպառողներն՝ իրենց համար արդեն սովորական դարձաց ապրանքներն ու ծառայությունները: Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Իգոր Լիպսիցը Harvard Business Review Russia-ին տված հարցազրույցում խոսել է ստեղծված իրավիճակի հետեւանքների մասին։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ հարցազրույցից։

Մարքեթինգն արդեն վաղուց մերժել է այն գաղափարը, որ բոլոր հաճախորդները հավասար են եւ հավասարապես սիրված: «Հաճախորդը միշտ ճիշտ է» սկզբունքը փոխարինվել է մեկ այլով՝ «Միշտ ճիշտ է միայն շահավետ հաճախորդը»։ Ռուսաստանյան հաճախորդն այսօր շահավետ չէ, ավելին, նրա պատճառով խոշոր զարգացած շուկաները կարող են կորցնել շահավետ հաճախորդների: Իսկ արեւմտյան ընկերությունները պետք է շահույթ ստանան բաժնետերերի համար, ուստի նրանք ընտրում են մի ճանապարհ, որը թույլ է տալիս պահպանել շահավետ հաճախորդներին, նույնիսկ եթե դրա համար պետք է զոհաբերել սպառողներին ռուսաստանյան շուկայում:

***

Կասկածում եմ, որ Ռուսաստանից հեռացած ընկերությունները կկորցնեն ռուսաստանյան հաճախորդների հավատարմությունը։ Չեմ կարծում, որ մեր սպառողը, եթե իրեն նորից արտասահմանյան մեքենաներ առաջարկեն, կասի. «Ես միայն Lada եմ գնելու, իսկ Volvo-ն կամ Mercedes-ը ինձ պետք չեն։ Դրանք բոլորը անիծված, ստոր արեւմտյան ապրանքանիշեր են, եւ ես այլեւս այդպիսի մեքենա չեմ վարի»։ Այնպես որ, այս ապրանքանիշերը չեն կորցնի իրենց գրավչությունը: Հենց դրանք կարողանան վերադառնալ շուկա, ռուսաստանյան սպառողը կհրաժարվի հայրենականից եւ կվազի դրանք գնելու։

***

Ռուսաստանից հեռացած ընկերությունների տնտեսական կորուստները շատ փոքր կլինեն։ Ռուս մարդու գլխում եղած գաղափարախոսություններից մեկն այն է, որ մենք մեծ երկիր ունենք, այն հսկայական դեր ունի համաշխարհային տնտեսության մեջ, ոչ ոք չի հրաժարվի մեր շուկայից։ Բայց սա պատրանք է։ Ռուսաստանյան շուկան եւ տնտեսությունը համաշխարհային շուկայի եւ տնտեսության չնչին մասն են կազմում՝ կախված հաշվարկի մեթոդաբանությունից՝ համաշխարհային տնտեսության 1,7-ից մինչեւ 3,1%-ը: Եթե դիտարկենք ֆինանսական գործարքները, ապա փողի աշխարհում Ռուսաստանի մասնաբաժինը 1%-ից էլ քիչ է։

Ուստի հեռացած ընկերությունների վնասներն այնքան էլ էական չեն լինի։ Դժվար թե դրանք շատ տուժեն, իսկ բաժնետերերը բարձր ձայնով լաց լինեն ռուսաստանյան շուկայի կորստի պատճառով։ Ռուսաստանը փոքր տնտեսություն է, որը, ցավոք, քչերին է հետաքրքրում։ 1990-ականների սկզբին այն խոստումնալից էր. այդ ժամանակ ամբողջ աշխարհը Ռուսաստանը դիտարկում էր որպես լուրջ շուկա, թվում էր՝ 146 միլիոն բնակչությունը եւ հսկայական տարածքը թույլ կտան այստեղ մեծ վաճառքներ ապահովել։ Անցավ 30 տարի եւ պարզ դարձավ՝ ինչպիսին է երկրի իրական ներուժը։ Իսկ այն մեծ չէ, քանի որ Ռուսաստանում տնտեսությունը թույլ է աճում, բնակչությունը հիմնականում աղքատ է, իսկ հիմա էլ ավելի է աղքատանալու։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը շատ կտխրի ռուսաստանյան շուկայի կորստի պատճառով։

***

Քիչ հավանական է, որ հերթական անգամ հայտնվելով փակ շուկայում, ռուսաստանյան ընկերությունները հանկարծ սկսեն խելահեղորեն փող ծախսել որակը բարելավելու համար՝ հասնելով անհետացած արտասահմանյան նմանօրինակների մակարդակին։ Առաջին տարվա ընթացքում մենք դեռ կկարողանանք լավ արտադրանք ստանալ այն ընկերություններից, որոնք սովորել են դրանք պատրաստել։ Իսկ հետո կսկսվի որակի կայուն անկման գործընթացը, եւ դրա մեղավորը միշտ չէ, որ ընկերությունները լինեն. պարզապես, արտադրական բազան կսկսի վատթարանալ։

***

Ներմուծման փոխարինումը Ռուսաստանում պետք էր սկսել համալսարանների դասախոսներից, վերապատրաստել նրանց ժամանակակից տեխնոլոգիաներին համահունչ, գործուղել աշխարհի առաջատար ընկերություններ, որպեսզի տասը տարի անց կարողանան պատրաստել մասնագետների նոր սերունդ։ Հետո՝ 20-25 տարի անց, երբ երեկվա շրջանավարտները որակավորում ու փորձ ձեռք բերեին, մենք սկսեինք որակյալ ինչ-որ բան թողարկել։ Ռուսաստանյան բուհերում այս ուղղությամբ ես գրեթե ոչ մի շարժ չեմ տեսել։ Բայց, ցավոք, տեսնում եմ, որ վերջին շաբաթներին ՌԴ բուհերի դասախոսները սկսում են արտագաղթել։ Սա նվազեցնում է ապագայում ներմուծման փոխարինման հաջողության հնարավորությունները:

***

Ամենամեծ խնդիրները կունենա ավիացիան, առաջին հերթին՝ սարքավորումների հետ կապված. հավանաբար, երկու ինքնաթիռ կթռչի, իսկ երրորդն աստիճանաբար կապամոնտաժվի պահեստամասերի համար։ Արդյունքում, գնալով ավելի շատ ինքնաթիռներ կմնան, ինչպես ասում են ավիացիայում, «բետոնի վրա»՝ մոռանալով երկնքի մասին։

Վատ հեռանկարներ ունի նաեւ ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Որոշ փորձագետներ ասում են, որ չինացիները մեզ կօգնեն, բաղադրիչներ եւ էլեկտրոնիկա կբերեն։ Բայց սա իդեալիզմ է։ Եթե մտածեք, ապա չինական բիզնեսին ավելի ձեռնտու է ոչ թե Ռուսաստանին բաղադրամասեր մատակարարել, այլ մեր շուկան լցնել իրենց մեքենաներով։ Բայց ամենատհաճը` դեղագործության ոլորտում եղած խնդիրներն են: Պարզ չէ՝ ինչպես ենք դեղեր պատրաստելու՝ անջատվելով հումքի համաշխարհային շուկաներից։

***

Կարծում եմ, շուտով մեզ մոտ, ինչպես խորհրդային տարիներին, կլինի առանձին շուկա բոլորի համար, իսկ մյուսը՝ կբավարարի ընտրյալների կարիքները։ Խորհրդային տարիներին սննդի բոլոր գործարաններն ունեին հատուկ արտադրամասեր, որտեղ բարձրորակ արտադրանք էր պատրաստվում «միայն բարձրաստիճան ղեկավարության համար»։ Այսօր ռուսաստանյան ընկերությունների համար խելամիտ ռազմավարություն է այնպիսի ճյուղերի ստեղծումը, որոնց միջոցով կմատակարարվեն պետական պաշտոնյաներն ու ուժային կառույցների աշխատակիցները։ Ում հաջողվի կազմակերպել արտադրության նման երկրորդ գծեր, նա հիանալի կյանք կունենա։

***

Մեր բնակչության գոյատեւման հիմնական մոդելը կդառնա փոխանակման մոդելը։ Սա ուրախ կյանք չէ, այստեղ չկան շքեղ վարսավիրանոցներ եւ սրճարաններ սուրճի բաղադրատոմսերի առատությամբ: Կնվազեն նաեւ քաղաքային բնակչության հսկայական մասի եկամուտները․ նրանք գումար են վաստակել հենց ծառայություններ տրամադրելու շնորհիվ: Ինչ վերաբերում է սննդամթերքի շուկաներին, ապա հնարավոր է, որ այստեղ ամենաաղքատների համար հայտնվեն կտրոններ, իսկ մնացած մարդիկ կգնեն այն, ինչ իրենց կտան։

Տնտեսությունը երբեք ամբողջությամբ չի մահանում, բայց այն կարող է դառնալ ուրիշ։ Մենք կապրենք այնպես, ինչպես Աֆրիկայում. կա տնտեսություն, կա բիզնես, բայց սա հարուստ բիզնես չէ, այն նախատեսված է աղքատ հաճախորդների համար։ Կարծում եմ, որ մեզանից երեսուն տարի կպահանջվի տնտեսությունը 2020 թվականի մակարդակին վերականգնելու համար։ Եվ սա լավատեսական կանխատեսում է։
Դիտում՝ 6765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW