Երեւան /Մեդիամաքս/. France Telecom-ի (Orange ապրանքանիշ) Եվրոպայում ու Եվրասիայում միջազգային բիզնեսի բաժնի պետ Ժան Միշել Սերրեյի հարցազրույցը## ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Banks.am պորտալինFrance Telecom հեռահաղորդակցային ընկերությունը, որը գործում է Orange ապրանքանիշի ներքո, անցել է Հայաստանի բջային կապի երրորդ օպերատորի արտոնագրի համար հայտարարված մրցույթի նախաորակավորման փուլը: Բացի France Telecom-ից, արտոնագրի համար պայքարում են նաեւ շվեդական Tele2-ը օպերատորը եւ Blackrock Communications ընկերությունը: Ակնկալվում է, որ մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա ս.թ. դեկտեմբերին: France Telecom-ը գործում է Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայում եւ ԱՄՆ-ում` մատուցելով բջային եւ ֆիքսված հեռախոսակապի, լայնաշերտ ինտերնետի, թվային հեռուստատեսության եւ այլ ծառայություներ: Ընկերությունն ամբողջ աշխարհում ունի բջջային կապի 110 մլն բաժանորդ, ֆիքսված կապի 46 մլն բաժանորդ եւ լայնաշերտ ինտերնետի 13 մլն բաժանորդ:- Ինչո՞վ է ձեզ գրավեց Հայաստանի հեռահաղորդակցային շուկան: - Հայաստանը կայուն կերպով զարգանում է, երկրում բարձր է բնակչության կրթական մակարդակը, եւ ձեր երկիրը, անկասկած, լավ ապագա ունի: Բացի այդ, Հայաստանը սերտ կապեր ունի բազմաթիվ այլ երկրների հետ: Հայաստանի բնակչությունը, մեր կարծիքով, հակված է նոր տեխնոլոգիաներ կիրառելուն եւ, հուսով ենք, կգնահատի այն, ինչ մենք կկարողանանք այստեղ ներդնել: Երբ մենք նոր երկիր ենք մտնում, այնտեղ երկար ենք մնում` փորձելով նպաստել նրա զարգացմանն ու նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Մենք կարող ենք Հայաստանի համար դառնալ ոչ միայն ֆինանսական, այլեւ արդյունաբերական գործընկեր: Օրինակ, Ռումինիայում, Մոլդովայում, Սլովակիայում եւ Լեհաստանում մենք կանգնած ենք եղել հետահաղորդակցային հատվածի զարգացման ակունքերում:- Համարվում է, որ հայաստանյան շուկան գրեթե հագեցված է երկու գործող օպերատորների կողմից: - Մենք կարծում ենք, որ Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտը զարգացման մեծ հեռանկար ունի: Դա վերաբերում է ոչ միայն հաճախորդների թվի ավելացմանը, այլեւ, գլխավորապես, նոր ծառայությունների մատուցմանը: Հայաստանը դեռեւս հեռու է նոր ծառայություններուվ հագեցած լինելուց, եւ մենք կարծում ենք, որ առաջիկա երկու տարիների ընթացքում այդ իրավիճակը կփոխվի ու Հայաստանի հեռահաղորդակցային ոլորտն էականապես կտարբերվի այժմյանից: Դա է վկայում մեր միջազգային փորձը: - Մրցույթում հաղթելու դեպքում ի՞նչ նոր ծառայություններ եք մտադիր ներդնել Հայաստանում: - Դա նախեւառաջ որակյալ բջջային հեռախոսակապն է` ինտերնետին լայնաշերտ հասանելիությամբ: Մեր նպատակը ծառայությունների լավագույն որակի է եւ դրանք օգտագործելու մատչելիությունն ապահովելն է: Բոլոր ծառայությունները, որոնք պատրաստվում ենք ներդնել, հիմնված կլինեն այն նորագույն տեխնոլոգիաների վրա, որոնք մշակում են մեր 4000 փորձագետները տարբեր երկրներում տեղակայված Orange-labs լաբորատորիաներում: - Ձեր ընկերությունը մատուցում է նաեւ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ: Նախատեսու՞մ եք Հայատանում դառնալ նաեւ ֆիքսված կապի օպերատոր: - Մենք պատրաստվում ենք ամենակարճ ժամկետներում ուսումնասիրել Հայաստանում բջջային հեռախոսակապի զարգացման ընթացքը, որից հետո, ինչպես մենք դա արեցինք Ռումինիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Լեհաստանում եւ Մոլդովայում, կուսումնասիրենք նաեւ ֆիքսված հեռախոակապի զարգացման հեռանկարները: - Մրցույթում հաղթելու դեպքում ի՞նչ ծավալի ներդրումներ եք պատրաստվում կատարել Հայաստանում: - Մենք անհրաժեշտ ծավալի ներդրումներ կկատարենք` որակյալ բջջային կապ ապահովելու նպատակով: Ներդրումների հստակ ծավալը դեռ որոշված չէ, բայց կարող եմ ասել, որ Արեւելյան Եվրոպայի երկրներում մենք իրականացրել ենք ներդրումների անհրաժեշտ ծավալները, որպեսզի դառնանք շուկաների առաջատարը: Իր ներկայության բոլոր երկրներում 2007 թվականին France Telecom-ի կատարած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 7 մլրդ եվրո (մեր հասույթի 30%-ը), որից 900 մլն-ը ուղղվել է հետազոտմանն ու զարգացմանը: Tweet Դիտում՝ 6896