IFC․ Հայաստանի դեղագործական ոլորտն առաջարկում է ներուժ ՕՈՒՆ-ների համար

30.03.2022 | 13:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#IFC #դեղագործական ոլորտ #ներդրում
Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հաշվետվության համաձայն՝ Հայաստանի դեղագործական ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները (ՕՈՒՆ) կարող են կատալիզատորի դեր կատարել տնտեսությունը խթանելու հարցում՝ նպաստելով առողջապահության համակարգի դիմացկունությանը եւ հասանելիությանը:

Կորպորացիայի նոր հաշվետվությունն իրականացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ եւ նշվում է, որ ՕՈՒՆ-ների ներգրավումը կօգնի երկրին նաեւ ստեղծելու նոր աշխատատեղեր, բարելավելու շուկայի մրցունակությունը եւ ավելացնելու արտահանման ծավալները:

Հաշվետվության մեջ առանձնացված է առավելագույն ներուժ առաջարկող երկու ենթաոլորտ՝ պայմանագրային հետազոտական եւ արտադրության արտապատվիրման աշխատանքները: Պայմանագրային հետազոտական գործունեությունը ներառում է հետազոտական ծառայությունները դեղագործական ընկերությունների համար, իսկ արտադրության արտապատվիրումը ենթադրում է դեղերի կամ դեղերի բաղադրատարրերի արտադրություն գլոբալ դեղագործական ընկերությունների համար: Այս ենթաոլորտներում պոտենցիալ ՕՈՒՆ-ների համար չկան կապիտալ ներդրումների հետ կապված մեծ ռիսկեր, դրանք միտված են արտահանմանը եւ դրանցում կարելի է հիմնվել հայաստանյան ընկերություններում առկա փորձի վրա:

Ուսումնասիրությունը կատարել է IFC Հայաստանի «Տնտեսական աճը» ծրագիրը եւ նպատակ ունի կառավարությանը ներկայացնելու ոլորտային ուսումնասիրությունն ու առաջարկություններ ոլորտին բնորոշ ներդրումների եւ ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված հաջորդ քայլերի մասին:

«Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լեւոն Օհանեսյանն ասել է, որ Հայաստանի դեղագործական ոլորտի զարգացման համար զգալի ներուժ կա։

«Առանցքային խնդիրները լուծելու համար մենք կօգտվենք IFC-ի ոլորտային վերլուծությունից, որը կարող է նոր հնարավորություններ ստեղծել ոլորտում օտարերկրյա ներդրողների համար»,- նշել է նա:

IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Իվանա Դուարտեին նշել է, որ թեեւ ՕՈՒՆ-ները կարող են հանդիսանալ կապիտալի աղբյուր, սակայն դրանք բերում են նաեւ նոր տեխնոլոգիաներ, կառավարման եւ ղեկավարման հմտություններ եւ գիտելիքներ գլոբալ շուկաների մասին:

«IFC-ի ուսումնասիրությունն ընդգծում է բարենպաստ գործարար միջավայրի կարեւորությունը` առանցքային բարեփոխումների եւ քաղաքականության աջակցության հետ միասին: Մենք տրամադրված ենք շարունակելու խորհրդատվության տրամադրումը կառավարությանը եւ օգնելու ներդրումների խրախուսման վերջինիս ջանքերին` թե՛ նախքան ներդրումների կատարման, թե´ հետներդրումային գործընթացներում»,- ասել է նա:

Հաշվետվության մեջ նշված է, որ խիստ կարեւոր է ապահովել համապատասխան բոլոր տեղեկությունների հասանելիությունը ներդրողներին` պոտենցիալ ներդրողների կողմից ներդրումային այլ վայրերից Հայաստանին նախապատվություն տալու համար:

Նաեւ նշվում է, որ վճռորոշ նշանակություն կունենան ոլորտին բնորոշ քաղաքականությունները եւ ներդրողների թիրախավորումը, որը ներառում է պոտենցիալ ներդրողներին պրոակտիվ իրազեկում եւ նրանց անհատական գործարար առաջարկների ներկայացում:

Հաշվետվության համաձայն՝ հայկական սփյուռքից դեղագործական ընկերություններում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց կամ առողջապահության ոլորտի մասնագետների ներգրավումը նույնպես կարող է օգնել ոլորտի մասին անմիջական պատկերացում կազմելու եւ ոլորտում ՕՈՒՆ-ների համար երկրի միջազգային մրցունակության մասին վերլուծական արձագանք ստանալու համար:

Հաշվետվության ամբողջական տեքստն` այստեղ։
Դիտում՝ 5348
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW