ԵԿԲ նախագահը հանդես է եկել նոր հայտարարություններով

28.03.2022 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԿԲ #Քրիստին Լագարդ
Ռուսաստանից Եվրոգոտու երկրներ էներգակիրների ներմուծումը, որը կազմում է մոտ 22%, չի կարող միանգամից փոխարինվել այլ երկրներից մատակարարումներով։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) նախագահ Քրիստին Լագարդը նախօրեին կիպրական Phileleftheros թերթում հրապարակված հարցազրույցում։

Լագարդի խոսքով՝ «եվրոպական շատ կառավարություններ մեծ ջանքեր են գործադրում նվազեցնելու իրենց երկրների կախվածությունը ռուսաստանյան էներգակիրներից, սակայն դա երկար գործընթաց է»։ «Եվրոգոտի էներգակիրների ներմուծման 22%-ը բաժին է հասնում Ռուսատանին։ Այս ներմուծումը հնարավոր չէ փոխարինել ակնթարթորեն: Եվրոգոտին նաեւ մեծապես կախված է ռուսաստանյան այլ հումքից, ինչպիսիք են նիկելը, կոբալտը եւ վանադիումը»,- ասել է բանկի նախագահը:

Նա նշել է, որ «էներգակիրների գների աճը հիմնականում աշխարհաքաղաքական լարվածության արդյունք է, եւ նման լարվածության հետեւանքները հեշտ չէ կանխատեսել»։ «Մենք փորձում ենք հաշվի առնել առկա իրավիճակի հետ կապված անորոշության բարձր աստիճանը, եւ այդ իսկ պատճառով մեր վերջին կանխատեսումների մեջ ներառել ենք ամենաբացասական սցենարները։ Մեկ այլ գործոն, որն ազդել է էներգիայի գների վրա, անսովոր եղանակն էր, որը նույնպես անկանխատեսելի էր»,- ասել է Լագարդը:

***

Ըստ Լագարդի՝ ակնկալվում է, որ ուկրաինական զարգացումները «էական ազդեցություն կունենան համաշխարհային եւ հատկապես Եվրոպայի տնտեսության վրա՝ Ռուսաստանին Եվրոպայի մոտ գտնվելու եւ ռուսաստանյան նավթից ու գազից կախվածության պատճառով»։ «Դա, ամենայն հավանականությամբ, կդանդաղեցնի աճը Եվրոգոտում եւ կարճաժամկետ հեռանկարում կուժեղացնի գնաճը էներգակիրների ու հումքային ապրանքների գների ավելացման, ինչպես նաեւ վստահության եւ միջազգային առեւտրի խաթարման հետեւանքների պատճառով»,- ասել է ԵԿԲ նախագահը: Ընդհանուր ազդեցությունը մեծապես կախված կլինի նրանից, թե որքան կտեւեն ռազմական գործողությունները, նշել է նա:

«Մեր կանխատեսումների հիմնական սցենարը, որը ներառում է հետեւանքների նախնական գնահատումը, չի ենթադրում ռեցեսիա, քանի որ Եվրոգոտու աշխատաշուկան ուժեղ է, իսկ համավարակը նահանջում է: Կանխատեսվում է, որ այս տարի տնտեսության աճը կկազմի 3,7%, իսկ 2023 թվականին՝ 2,8%։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով զգալի անորոշությունը, ԵԿԲ փորձագետները մշակել են երկու այլընտրանքային սցենար՝ մեկն անբարենպաստ, մյուսը՝ ծայրահեղ: Անբարենպաստ սցենարի դեպքում 2022 թվականին աճի տեմպերը կարող են դանդաղել մինչեւ 2,3%։ Սակայն այս գնահատականները բնութագրվում են մեծ անորոշությամբ»,- պարզաբանել է Լագարդը։

Պատասխանելով հարցին` որքանով է հնարավոր ԵԿԲ-ի՝ 2022 թվականին 7,1% գնաճի  ծայրահեղ սցենարի իրականացման ռիսկը, ԵԿԲ ղեկավարն ասել է, որ «այս սցենարը բանկի փորձագետների համար հիմնական չէ»։ «Կարեւոր է նաեւ նշել, որ ԵԿԲ-ի բոլոր սցենարների համաձայն, ակնկալվում է, որ գնաճը կնվազի եւ 2024 թվականին կհասնի մոտ 2% թիրախային մակարդակին», - ասել է Լագարդը:
Դիտում՝ 3387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW