Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու LOGOS EXPO Center-ի նախաձեռնությամբ մարտի 24-ին Yerevan EXPO-ում բացվել է «Կովկաս.շինարարություն եւ վերանորոգում EXPO 2022» միջազգային ցուցահանդեսը։ Միջազգային 18-րդ ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի շուրջ ութ տասնյակ ընկերություն՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Արաբական Միացյալ Էմիրություններից։Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ շինարարական տեխնոլոգիաների ոլորտը զարգացման մեծ հեռանկարներ ունի եւ առջեւում խոշոր շինարարական ծրագրեր են նախատեսվում։ «Այս ցուցահանդեսը լավ հարթակ է հայրենական եւ արտերկրի արտադրողների միջեւ գործարար նոր կապերի հաստատման համար»,- ասել է նա։Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն էլ նշել է, որ շինարարության ոլորտն ապահովում է Ռուսաստանի համախառն ներքին արդյունքի 6%-ը, Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 7,5%, եւ սա հենց այն առաջնահերթ ուղղություններից մեկն է, որտեղ լայն հնարավորություններ կան թե երկկողմ, թե բազմակողմ համագործակցության համար։ «Կովկաս.շինարարություն եւ վերանորոգում EXPO 2022» ցուցահանդեսում ներկայացված են տարբեր թեմատիկ բաժիններ, այդ թվում՝ շինարարական տեխնոլոգիաներ եւ տրանսպորտային միջոցներ, շինարարական նյութեր, փայտյա եւ մետաղական հավաքածուներ, էներգո-ջերմա-ջրամատակարարման, անվտանգության, ջեռուցման եւ օդափոխման համակարգեր, նախագծում, ինտերիերի ու էքսերիերի դիզայն, ծածկեր, մեկուսիչներ եւ այլն։ Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 26-ը։ Tweet Դիտում՝ 3132