«Գազպրոմ»-ի դուստր ընկերության՝ Gazprom Marketing & Trading Retail (հայտնի է որպես Gazprom Energy) ազգայնացումը բրիտանացի հարկատուներին կարժենա £4 միլիարդ ($5,3 միլիարդ), Bloomberg-ին անանունության պայմանով հայտնել են իրազեկ աղբյուրները:Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ նրանք պարզաբանել են, որ եթե ընկերությունը ազգայնացվի, ապա կառավարությունը, հնարավոր է, ստիպված լինի ներդնել այնտեղ կառավարման հատուկ ռեժիմ, ինչը կստիպի նրան բաժանորդների համար գազ եւ էլեկտրաէներգիա գնել ներկայիս բարձր գներով, քանի որ ստորաբաժանման հեջավորումը պատկանում է իր մայր ընկերությանը եւ չի փոխանցվի:«Առանցքային խնդիրներից մեկն այն է, որ հեջավորումը փոխանցվում կամ պահպանվում է, որպեսզի Մեծ Բրիտանիա մատակարարման շղթան ապահովող ձեռնարկությունները չունենան գնային ուժեղ շոկ»,- գործակալությանն ասել է Էներգատար օգտատերերի խմբի նախագահ Ռիչարդ Լիզը:Bloomberg-ը նշում է, որ Gazprom Energy-ն երկրի շուկա է մատակարարում գազի մոտ մեկ հինգերորդը՝ ապահովելով խոշոր սպառողների երկու երրորդին, այդ թվում՝ թուղթ, պողպատ եւ պարարտանյութ արտադրողներին: Սա ավելի քան կրկնակի գերազանցում է Bulb Energy-ի մատակարարման ծավալները, որն ազգայնացվել էր Մեծ Բրիտանիայում 2021 թվականին: Ազգայնացումն, ըստ երկրի ֆինանսների նախարարության, մինչեւ 2023 թվականի մարտի ավարտը հարկատուներին կարժենա £2,2 միլիարդ։Այն, որ Մեծ Բրիտանիան պատրաստվում է ժամանակավոր արտաքին կառավարում ներդնել Gazprom Marketing & Trading Retail-ում, ավելի վաղ հայտնել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը։ Որոշումը կարող է ընդունվել երկիր ռուսաստանյան գազի մատակարարումների կայունությունն ու շարունակականությունն ապահովելու նպատակով։ Գործակալության վարկածով՝ «Գազպրոմ»-ը եւ նրա դուստր ձեռնարկությունները ճնշման տակ են հայտնվել այն պատճառով, որ շատ եվրոպական էներգետիկ ընկերություններ հրաժարվում են աշխատել ռուսաստանյան ընկերության հետ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության ֆոնին:Gazprom Energy-ի հայտարարության մեջ նշվում էր, որ ընկերությունը տեղյակ չէ այն պետական վերահսկողության ներքո փոխանցելու որեւէ որոշման մասին, եւ որ իր մայր ընկերության միջոցով այն կարող է «ապահովել գազի եւ էլեկտրաէներգիան ամբողջ ծավալը, որն անհրաժեշտ է իր հաճախորդների կարիքները բավարարելու համար՝ համաձայնեցված պայմանագրային պայմաններով»: Tweet Դիտում՝ 5696