Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ԱԺ-ն այսօր առաջին ##ընթերցմամբ ընդունել է “Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մասին” օրենքի նախագիծը: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Արթուր Ջավադյանը նախօրեին նշել էր, որ օրինագծի նպատակը վարկային բյուրոների գործունեության համար իրավական հիմք ստեղծելն է, ինչպես նաեւ վարկային տեղեկատվության հավաքագրման ու վարկային զեկույցների պատրաստման կարգավորումը:ԿԲ ղեկավարը հիշեցրել էր, որ Հայաստանում արդեն գործում է մեկ վարկային բյուրո, որի բաժնետերեր են հանդիսանում բազմաթիվ առեւտրային բանկեր: Նրա խոսքերով, նոր օրենքը թույլ կտա երկրում ներդնել եւ զարգացնել սքորինգային համակարգ, ստեղծել վարկավորման ռիսկերի գնահատման մեխանիզմ եւ պաշտպանել վարկատուների իրավունքները, մեծացնել ֆինանսական միջնորդության ու վարկային գործունեության ծավալները երկրի ֆինանսական շուկայում, սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով ֆինանսական շուկայում լրացուցիչ մեխանիզմներ ստեղծել: Օրինագծի նախապատրաստման ընթացքում հաշվի է առնվել առաջավոր միջազգային փորձը: Արթուր Ջավադյանը տեղեկացրել է, որ փաստաթուղթը FSDP USAID ծրագրի շրջանակներում անցել է միջազգային փորձագետների փորձաքննությունը: ՀՀ խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը:Արթուր Ջավադյանն ասել է, որ այն նախատեսում է ֆինանսական կազմակերպությունների պարտադիր անցումը ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին: Այլ կազմակերպություների համար անցումը պարտադիր կդառնա այդ չափանիշների պաշտոնական թարգմանության հրապարակումից հետո` 2009 թվականի հունվարի 1-ից սկսած, սակայն ոչ ուշ, քան հրապարակման պահից 6-ամսյա ժամկետում: Tweet Դիտում՝ 6586